2019թ. «Ավրորա» մրցանակին կհավակնի 523 թեկնածու

2019թ. «Ավրորա» մրցանակին կհավակնի 523 թեկնածու

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2019թ. առաջադրումների փուլն ավարտվել է։

Առաջադրումների փուլը պաշտոնապես մեկնարկել էր հունիսին՝ «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկրի՝ ռոհինջա ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունի անվան ազդարարմամբ, ինչից հետո ստացվել է 719 առաջադրում, որոնք ներկայացրել են աննախադեպ, չկրկնվող 523 թեկնածու։

Չորրորդ մրցանակի առաջադրումները կատարվել են վեց մայրցամաքներից և 72 երկրներից՝ ներառյալ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Գերմանիան, Իսպանիան, Սիրիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հայաստանը և Սինգապուրը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանն այս առթիվ նշել է. «Առաջադրումների գործընթացը վերահաստատում է մարդկության նկատմամբ մեր հավատը։ Ինչպես որ մեր գոյատևումը Հայոց ցեղասպանության տարիներին կախված է եղել օտար մարդկանց բարությունից, այնպես էլ այս թեկնածուները՝ լինելով սովորական մարդիկ, ցուցաբերում են միևնույն մարդկայնությունը՝ սեփական կյանքը վտանգի ենթարկելով հանուն այլոց պաշտպանության։ «Ավրորա» մրցանակի միջոցով մենք կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց՝ աջակցելով նրանց գործին և օգնելով փրկել շատերի կյանքը», հայտնում է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը:

Անդրադառնալով առաջադրումների գործընթացին՝ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանն ասել է. «Չնայած հարյուրավոր առաջադրումները վկայում են մարդու հանդեպ մարդու իսկ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի հետեւանքով տեղի ունեցող շարունակական դաժանությունների մասին, «Ավրորայի» հերոսների ընտրության գործընթացը եղել եւ մնում է բացառիկ գոհացուցիչ, քանի որ դրա միջոցով մենք ծանոթանում ենք ողջ աշխարհի առավել ոգեշնչող եւ խիզախ անհատների հետ։ «Ավրորա» մրցանակն արձանագրում է այն դրական ազդեցությունը, որը բոլորս կարող ենք ունենալ մեր օրերում, երբ դրա կարիքն առավել քան հրատապ է»։

2019թ. «Ավրորա» մրցանակի հերոսների անունները կհայտարարվեն 2019թ. ապրիլի 24-ին: Նույն տարում ավելի ուշ դրան կհետևի Երևանում կազմակերպված միջոցառումների շարքը, որում Հայաստանը պատվի կարժանացնի մրցանակի հերոսներին և կազդարարի «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկրին՝ ներգրավելով բոլորին աշխարհի առավել հրատապ հիմնախնդիրների շուրջ քննարկման։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---