Շարմազանով. ՀՀԿ-ի համար վարչապետի թեկնածու առաջադրելն ինքնանպատակ չէ

Շարմազանով. ՀՀԿ-ի համար վարչապետի թեկնածու առաջադրելն ինքնանպատակ չէ

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն ոչ ինքնանպատակ թեկնածու կառաջադրի, ոչ էլ ինքնանպատակ կգնա արտահերթ ընտրությունների: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից խուսափելու համար Հանրապետականն առաջարկի վարչապետի իր թեկնածուին:

«Ոչ էլ ինքնանպատակ որևէ բան կանենք: Ամեն ինչի տակը պիտի լինի գաղափար»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրել է՝ ինքը բազմիցս նշել է, որ վարչապետի առաջարկը եթե ոչ վատագույն, ապա լավագույն տարբերակն էլ չէ.«Երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև, հիմա գնդակը իր դաշտում է: Եթե ըստ Սահմանադրության հրաժարական ես տալիս, ապա քաղաքական ուժերը ըստ իրավիճակի, երկրի շահերից ելնելով՝ կքննարկեն առաջադրում են, թե չեն առաջադրում, առաջադրելուց հետո էլ կքննարկեն՝ ինչ ծրագրեր են բերում, ում են առաջադրում, ինչ պիտի անի», - հավելել է նա:

Շարմազանովը նշել է նաև, որ ԲՀԿ-ի կողմից դեռ չի լսել վերջնական պատասխան՝ համաձայն են արտահերթ ընտրությունների, թե ոչ։ «Բացի ԵԼՔ-ից չեմ լսել, որ լինի այնպիսի ուժ, որը ասի՝ համաձայն եմ, որ խորհրդարանը գնա ինքնալուծարման», - նշել է նա:

ԱԺ փոխնախագահը նկատել է, որ կա ընտրության երկու տարբերակ։ «Կան ընտրություններ, կան պարտադրված ընտրություններ: Երբ վարչապետը հրաժարական է տալիս, դա արդեն պարտադրված ընտրություն է», - նկատել է Շարմազանովը:

Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ է ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։

Փաշինյանն ի պատասխան ազատեց աշխատանքից ՀՅԴ ու ԾԴ նախարարներին ու մարզպետներին ու խոստացավ հրաժարական տալ և անցկացնել ընտրություններ դեկտեմբերի առաջին կեսին։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---