Փաշինյանը հորդորել է Բակո Սահակյանին «կարգի հրավիրել իր կառավարության անդամներին»

Փաշինյանը հորդորել է Բակո Սահակյանին «կարգի հրավիրել իր կառավարության անդամներին»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին օրերին իր համար անհասկանալի է Արցախի իշխանությունների ակտիվությունը: Այդ մասին նա խոսել է Ճամբարակում նախընտրական հանդիպման ժամանակ:

Նա հորդորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին «կարգի հրավիրել իր կառավարության անդամներին, որոնք պետք է իրենց աշխատանքով զբաղվեն, ոչ թե մեկնաբանություններով»:

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են ակտիվացել, ինչո՞ւ են տարբեր մեկնաբանություններ անում, փորձում են իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հարցեր ունի, որոնք ուղղելու է Արցախի նախագահին։

«Չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է անում։ Բա պատկերացնո՞ւմ եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի անհայտ ու հայտնի իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա։ Հասկանու՞մ եք դրա հետևանքն ու արդյունքն ի՞նչ կլինի։ Սթափվե′ք հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով»,ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանը կրկին ասել է, որ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում՝ նշելով, որ նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին: Նա ասել է, որ իր տվյալներով Լևոն Տեր-Պետրոսյանի որդին Շամշադինում է ծառայել, Սերժ Սարգսյանը տղա չունի, իսկ Ռոբերտ Քոչարյանի տղաները Երևանում են ծառայել:

Նա հայտնել է նաև, որ պաշտոնական տեղեկանք ունի Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ. նրանք երկուսն էլ ծառայել են Երևանում:

Ավելի վաղ Ալավերդիում՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում: Փաշինյանն ասել էր, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել: «Երկիր մեդիա»-ի հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել է, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը:«Օրինակ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ ՊԲ հրամանատարի 2 որդիները»,- նշել է Բաբայանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---