ՕԵԿ-ն առաջարկում է ներդնել մայրական կապիտալի ինստիտուտը

ՕԵԿ-ն առաջարկում է ներդնել մայրական կապիտալի ինստիտուտը

PanARMENIAN.Net - ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի առջև մարտահրավերները շատ են, սակայն նոր հեծանիվ հորինելու կարիք չկա, 50 կետից բաղկացած ծրագիրը տալիս է հազարավոր հարցերի պատասխաններ։

Որպես քայլերից մեկը ՕԵԿ-ն առաջարկում է ներդնել մայրական կապիտալի ինստիտուտը, հայտնում է Panorama.am-ը:

«Այսօր Հայաստանում պաշտոնական տվյալներով կա 200 հազար միայնակ մայր, (իրական կյանքում նրանց թիվն ավելի մեծ է), և այդ է պատճառը, որ ՕԵԿ-ն առաջարկում է երկրում ներդնել մայրական կապիտալի մասին օրենքը։ Այն թույլ կտա, որ յուրաքանչյուր մայր ձևավորի մայրական կապիտալ՝ գումարն օգտագործելու ոչ միայն երեխայի կրթության և դաստիարակության, այլ նաև մնացած ծախսերը հոգալու համար։ Մենք համառ և հետևողական ենք լինելու, որովհետև այս օրենքը թույլ կտա լուծել մի շարք խնդիրներ»,- ասել է նա:

Նա կարևորել է նաև սոցիալական առանձին խմբերի խնդիրները։ Անդրադառնալով փախստականներին՝ Արթուր Բաղդասարյանը մատնանշեց վերջիններիս կեցության անմարդկային պայամանները։

Մեկ այլ դրույթով, ըստ ՕԵԿ-ի ղեկավարի, իրենք անելու են ամեն բան՝ Հայաստանում սկիզբ դնելու առանց կանխավճարի հիփոթեկային վարկերի ինստիտուտին։ «Մենք առաջարկում ենք, որ ոչ մի կանխավճար չլինի, տարեկան տոկոսադրույքը չպետք է գերազանցի 5 տոկոսը։ Քանի երեխա ունես, պետությունն այդքան տոկոսով պետք է սուբսիդավորի վարկը։ Մեկ երեխա՝ մեկ տոկոս սուբսիդիա, երկու երեխա՝ երկու տոկոս և այսպես շարունակ»,- ասել է Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանում պետք է զարկ տրվի պետական, համայնքային, սոցիալական բնակարանաշինությանը։

Ինչ վերաբերում է առողջապահական ոլորտի խնդիրներին՝ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ժամանակն է՝ օր առաջ երկրում ներդնել առողջապահական ապահովագրական համակարգը։ «Բերեցին, պարտադիր կուտակային համակարգը փաթաթեցին մեր վզին։ Սա միանգամայն մերժելի համակարգ է, երբ դրա փոխարեն կարելի էր անցում կատարել առողջապահական ապահովագրության քաղաքակիրթ համակարգին»,- ասել է ՕԵԿ նախագահը։

Անցում կատարելով սոցիալական ոլորտի խնդիրներին՝ Բաղդասարյանը նշել է, որ իրենք կարողացել են վերադարձնել 212 հազար քաղաքացու դրամական ավանդները։ «Մեր քաղաքական ուժի հաղթանակը նշանակում է ավանդների ամբողջական վերադարձ՝ ներառյալ մահացած ավանդատուների ժառանգներին։ Մենք անցած տարի հաշվարկներ ենք արել, ավանդների վերադարձին արդարացիորեն սպասում է մոտ 250 հազար մարդ։ Այսօր Հայաստանում կա 461 հազար կենսաթոշակառու, որոնք իրենց ստացած թոշակով չեն կարողանում գոյատևել»,- ասել է ՕԵԿ նախագահը։

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---