2 նամականիշի և հատուկ ծրարի մարում՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետմրցանակի թեմայով

2 նամականիշի և հատուկ ծրարի մարում՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետմրցանակի թեմայով

PanARMENIAN.Net - 2018-ի նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշ և hատուկ ծրար՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային:

Նամականիշերն ունեն 160 և 170 դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի Cartor տպագրատանը` յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշերի և hատուկ ծրարի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշերի չափսերն են` 30,0 x 40,0 մմ, տպաքանակը՝ 30 000 հ. x 2:

Նամականիշերի վրա պատկերված են մրցանակակրին տրվող ոսկե մեդալը և հուշախորհրդանիշը:

Հատուկ ծրարի վրա պատկերված է 2018-ին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 9-րդ դափնեկիրը՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը: Հատուկ ծրարի վրա պատկերված են նաև նախորդ տարիների ութ մրցանակակիրները:

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2018-ին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշ և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով:

Փոստային նամականիշերի և Հատուկ ծրարի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 9-րդ դափնեկիր Ջեյմս Թրուշարդը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---