Գերճշգրիտ հրթիռային համալիրներ, բազմաֆունկցիոնալ ավիացիա. ԶՈւ արդիականացումը գործադիրի ծրագրում

Գերճշգրիտ  հրթիռային համալիրներ, բազմաֆունկցիոնալ ավիացիա.  ԶՈւ արդիականացումը գործադիրի ծրագրում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մշակել է գործադիրի 5-ամյա ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:

Պաշտպանության ոլորտի քաղաքականության բաժնում նշվում է, որ հետևողական քայլեր են կատարվելու ամբողջ պետական համակարգում, առավել ևս բանակում, արհեստավարժ անձնակազմի և զորակոչիկների շրջանում պարտականության զգացողությունն առաքելության գիտակցումով փոխարինելու ուղղությամբ

Այդ նպատակով կառավարությունը մտադիր է ներդնել ռեսուրսների կառավարման և հաշվետվողականության բարձրացման բարելավված մեխանիզմներ, որոնք, բացի ավելի արդյունավետ լուծումներ ապահովելուց, կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնացմանը:

Անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ՝ կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը:

Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը, ուշադրության կենտրոնում է մնալու տեխնիկական միջոցներով առաջնագծի հետևողական համալրումը և մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգության բարձրացումը։

Նշվում է, որ միջոցներ են ձեռնակվելու, որ զինված ուժերի կառավարման համակարգը լինի առավելապես ավտոմատացված, ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական գերակայություն ու հագեցվածություն, ինչպես նաև կիբեռպաշտպանության ապահովման համար անհրաժեշտ կարողություններ, առաջնորդվի նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքով:

Մարդկային կապիտալի զարգացման նպատակով անձնակազմի կառավարման, կրթության և պատրաստության ոլորտների բարեփոխումները նպատակաուղղվելու են զինծառայողների կրթական ցենզի և ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը, պետական կառավարման և քաղաքացիական հանրության կարող ուժերն առավելագույնս ներգրավելուն և առկա պրոֆեսիոնալ ռեսուրսը լավագույնս օգտագործելուն:

Կառավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված և կրթական չափորոշիչների հետ փոխկապակցված ծառայողական առաջխաղացման քաղաքականությունը և զարգացնելու է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգը:

Նախատեսվում է էականորեն բարելավել զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, բացառել ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը։

Կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության համակարգը, երաշխավորել նրանց ամբողջական և որակյալ իրային ու պարենային բավարարումը: Սոցիալական պաշտպանվածության, զինվորական ծառայության գրավչության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է իրականացնել բնակարանային և բժշկական ապահովման ծրագրեր։

Պաշտպանության ոլորտի քաղաքականության շրջանակում իրականացվող միջազգային գործակցության և հավաքական անվտանգության գործող ընթացակարգերի հնարավորություններն ընդլայնելու նպատակով կառավարությունը նախատեսում է զարգացնել երկկողմ և բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքներն ու գործընկերությունները՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասարակշռությունը:

 Ուշագրավ
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։