// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նախագիծ. Հուլիսից պլաստիկ տոպրակները կդառնան վճարովի, 2022-ից՝ կարգելվեն

Նախագիծ. Հուլիսից պլաստիկ տոպրակները կդառնան վճարովի, 2022-ից՝ կարգելվեն

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունը 2019 թվականի հուլիսի 1-ից պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ:

Հայաստանում մի շարք սուպերմարկետներ արդեն մի քանի տարի է՝ պոլիէթիլենային տոպրակները վաճառում են 10 դրամով՝ գնված ապրանքը տեղավորելուց առաջ գնորդից ճշտելով, թե արդյոք ցանկանում են դրանք տեղափոխել տոպրակով:

Օրենքի նախագծով, 2020 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների իրացման դեպքում կսահմանվի հատուկ հարկ, ինչը միտված է տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին դրանց վաճառքը Հայաստանում կարգելվի:

Հիմնավորման մեջ նշվում է, որ առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն:

Նշվում է, որ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի:

Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ հանրապետությունում պլաստիկ թափոնները կազմում են կենցաղային թափոնների ծավալի ավելի քան 30%-ը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն 2013-2015 թվականներին ներմուծվել է մոտ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում արտադրվել է՝ 8.149,1 տոննա։ 2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրողներ հիմնական ընկերությունները 4-ն են։

 Ուշագրավ