Վագոն-տնակում բնակվող Մհերյանները մինչև տարեվերջ տուն կունենան

Վագոն-տնակում բնակվող Մհերյանները մինչև տարեվերջ տուն կունենան

PanARMENIAN.Net - Վագոն-տնակում տասներկու տարի բնակվող Մհերյանների ընտանիքը տուն է կառուցում: Արարատի մարզի Մրգավետ համայնքում բնակվող այս ընտանիքից յոթ տարի է պահանջվել` տան պատերն ու տանիքը կառուցելու համար: Ձգձգվող շինարարության դանդաղ ընթացքը վերջնական արդյունք չի տվել: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը միացել են՝ խնդրի լուծումն արագացնելու և վագոն-տնակից ընտանիքի տեղափոխումն օր առաջ իրականություն դարձնելու նպատակով: Գարնան վերջին բնակարանաշինության ծրագրում ընդգրկված Մհերյանները մինչև տարեվերջ տուն կունենան:

«Տան շինարարությունը տարիներ առաջ կնոջս հայրը սկսեց: Դժբախտ պատահարի պատճառով նրա կյանքը, ցավոք, ընդհատվեց, իսկ շինարարությունը կիսատ մնաց: Ճիշտ է՝ ես աշխատում եմ, սակայն աճող ընտանիքիս հոգսը թույլ չէր տալիս ավարտին հասցնել տարիներ առաջ սկսած գործը: Ձեր օգնությունն իսկական հրաշք էր մեզ համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Սամվելը։

Գործակցող կողմերի համար կամավորությունը վաղուց արժեհամակարգ է դարձել: Նրանց համախմբել է հայրենակիցներին օգտակար լինելու ցանկությունն ու արդյունքի հասնելու կամքը: Սրտացավ մոտեցումը ընտանիքի համար մեծ օգնություն է.աշխատանքի ծավալը ընտանիքից տևական ժամանակ էր պահանջելու, բայց կամավորների օգնությամբ այն ավարտին է մոտենում հաշված ժամերի ընթացքում:

«Սովորաբար մարդկանց համախմբում են հետաքրքրությունները, նախասիրությունները, աշխատանքային պարտականությունները և այլն: Ամենաուժեղ կապն ու արդյունքը լինում է այն ժամանակ, երբ մարդկանց միավորում է միևնույն գաղափարը: Արդեն տևական ժամանակ, մեր թիմերը միացել են կամավորության արժեհամակարգի շուրջը: Թիմերի միասնական աշխատանքը տեսնելիս, դժվար չէ նկատել, թե որքան դրական էներգիա են նրանք ստանում միասնաբար աշխատելիս և այդ էներգիան փոխանցում մյուսներին: Եվ դա պատահական չէ. նրանց առաջնորդում են բարի կամքը և օգտակար լինելու ձգտումը: Ուրախ եմ արձանագրել, որ դիմացինին աջակցելու պատրաստակամությունը կենսակերպ է դարձել շատերի համար: Ի վերջո, հրաշալի է, երբ մարդիկ միասին են՝ կառուցելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Այս ընտանիքը, ապագայի հանդեպ մեծ հույսով, բոլոր հնարավորություններն օգտագործել է՝ քարը քարին դնելու համար: Հույսի վկայությունը նոր ծնված երեխան է: Այս ընտանիքում երեք երեխա է մեծանում: Ուրախալի է տեսնել նրանց ոգևորությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող շինարարական աշխատանքները կավարտվեն տարեվերջին՝ երջանկություն պարգևելով գրեթե չորս տասնյակ ընտանիքի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---