ԱԳ նախարար. ՀՀ-ն և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար

ԱԳ նախարար. ՀՀ-ն և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար

PanARMENIAN.Net - Հայաստանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի և ուժային կենտրոնների հետ հարաբերությունների կառուցման շրջանակում առաջնորդվում է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության պահպանման նպատակով:Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Երևանում ընթացող ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովում ունեցած ելույթում:

Նա հավելել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի և Հայաստանի Հանրապետությունը և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար։

«Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության պահպանումը և ամրապնդումը բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից: Մենք տեսել ենք, թե մեր հարևան տարածաշրջաններում անվտանգության համակարգի փլուզումն ինչ ծանրագույն հետևանքներ է ունեցել այդ ժողովուրդների, նրանց տնտեսության և պետականության համար: Ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումն է մեր տարածաշրջանային անվտանգության և խաղաղության անհրաժեշտ պայմանը և Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ:

Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են: Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը և ըստ այդմ չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը:Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք»,-ասել է նախարարը։

Նա հավելել է նաև, որ հայկական կողմը բարձր է գնահատում միջազգայնորեն ընդունված միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների դերակատարումը արցախյան հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում։

«Հայաստանը հստակ արտահայտել է իր մոտեցումները Ղարաբաղյան խաղաղ կարգավորման առնչությամբ և այս տեսակետից կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում և օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում անցկացված հանրահավաքին հնչեցրած դրույթները:

Ղարաբաղյան խաղաղ գործընթացում կարգավիճակի և անվտանգության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և բոլոր պայմաններում կիրառելի մարդու անօտարելի իրավունքները ենթադրում են նաև ազատ կամարտահայտում, որը ներառում է նաև Արցախում ազատ ընտրությունների իրականացումը և այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավումը բանակցային գործընթացում:Եթե Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ»,-ասել է Մնացականյանը:

Նախարարն իր ելույթում շեշտել է նաև, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ և բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք, որին շարունակաբար դիմակայելու անհրաժեշտությունը պայմանավորում է տարածաշրջանային անվտանգության պահպանմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը, այդ թվում արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---