Վարչապետ. Ժողովրդավարությունը պետք է ՀՀ արտաքին քաղաքականության այցեքարտը լինի

Վարչապետ. Ժողովրդավարությունը պետք է ՀՀ արտաքին քաղաքականության այցեքարտը լինի

PanARMENIAN.Net - Ժողովրդավարությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.«Նախևառաջ մենք պետք է պատասխանենք մի հարցի. ո՞րն է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքային նպատակը, ինչո՞ւ ենք մենք վարում, և ինչի՞ համար է անհրաժեշտ արտաքին քաղաքականությունը մեր երկրին: Մեր արտաքին քաղաքականության նպատակը, ըստ այդմ, ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելն է, ինքնիշխանության ու անվտանգության մակարդակը հետևողականորեն բարձրացնելը, մեր երկրի և նրա քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության համար առավել նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելը:

Իսկ որպեսզի սա տեղի ունենա, անհրաժեշտ է, որ Հայաստանի ձայնը, դիրքորոշումները, մոտեցումներն ու նպատակները աշխարհի համար լինեն ավելի տեսանելի, ավելի լսելի և ավելի ընդունելի: Այսպիսով, ձևակերպվում է Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը. այն է՝ բարձրացնել Հայաստանի Հանրապետության սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում, բարձրացնել ՀՀ հեղինակությունը միջազգային հարաբերություններում:Արդյոք մենք սրա համար ունե՞նք նախադրյալներ և հնարավորություններ: Այո, միանշանակ, և թույլ տվեք ասել, որ այս խնդրի լուծման կարևորագույն փաստերից մեկը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն է, որը դարձավ բառիս բուն իմաստով համաշխարհային իրադարձություն, և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, դեսպանատները պիտի որ այդ փաստը օգտագործեին աշխարհում Հայաստանի ճանաչելիությունն ու հեղինակությունը բարձրացնելու համար»:

Նա հավելել է, որ 2018-ի Հայկական հեղափոխությունը անձի մասին չէ, քաղաքական թիմի կամ խմբի մասին չէ, այն երկրի, պետության ու ժողովրդի մասին է, ժողովրդի ու պետության աստիճանի ու պոտենցիալի մասին է, և այն պետք է պատշաճ ձևով ներկայացվի ողջ աշխարհին՝ այս անգամ արդեն ոչ թե որպես լրատվական անցողիկ թողարկման նյութ, այլ որպես երկիրը բնորոշող տեղեկատվություն:«Ժողովրդավարությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը, և մեր խնդիրն է՝ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, որովհետև այն հիմնված և հենված է ոչ թե անձի, ոչ թե կոնկրետ քաղաքական շրջանակի, այլ ժողովրդի գիտակցության, կամքի և ձգտումների վրա:

Հաջորդ սկզբունքը, որը պետք է օգնի բարձրացնել Հայաստանի սուբյեկտությունը, համահայկականությունն է: Ի՞նչ նկատի ունեմ ասելով համահայկականություն արտաքին քաղաքական ասպարեզում: Մեր արտաքին քաղաքական բարդություններից և բարդույթներից ամենաառանցքայինը փոքր ազգի, փոքր պետության ընկալումն է: Ընդ որում, այս բարդույթը հաճախ արտահայտություն է գտնում մեր հանրային-պետական կյանքի բոլոր մակարդակներում՝ ամենօրյա կենցաղից մինչև արտաքին քաղաքականություն, ինչին, անկեղծ ասած, մի քանի անգամ ականատես եմ եղել վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո՝ պաշտոնական կամ աշխատանքային մի քանի այցերի ընթացքում:

Եվ հետևաբար՝ փոքրի բարդույթը հաղթահարելը կենսական նշանակություն ունի մեզ համար, և սրա գործնական լուծումը, իմ պատկերացմամբ, հետևյալն է. Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի, կամ իշխող էլիտայի, կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ, համայն հայության ներկայացուցիչ»,-ասել է նա:

Նա հավելել է, որ միջազգային հարաբերություններում Հայաստանի սուբյեկտությունը մեծացնելու հարցում չափազանց կարևոր է, որ Հայաստանի դեսպանատների, դիվանագիտական ներկայացուցչությունների հարաբերությունները տեղի հայ համայնքների հետ էական փոփոխություններ կրեն: Համայնքի և դեսպանատան հարաբերությունները պետք է մաքսիմալ դուրս լինեն կենցաղային առտնին տրամաբանությունից և ավելի ու ավելի շատ տեղավորվեն հայեցակարգային, գաղափարաբանական տրամաբանության մեջ, որի նպատակը միջազգային ասպարեզում Հայաստանի շահերը առավել պաշտպանված, Հայաստանի ասելիքը առավել լսելի, Հայաստանի դիրքորոշումը առավել ընկալելի դարձնելը պիտի լինի:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև դիվանագիտական համակարգի գործունեությանը, Սփյուռքի հետ համագործակցությանը, արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, հայկական ներուժի քարտեզագրմանը և ձևավորմանը, արտաքին քաղաքականության մեջ տնտեսական կոմպոնենտի ակտիվացմանը, Հայաստանում տնտեսական հնարավորությունների տարածմանը, ներկայացմանը և այլ թեմաների:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---