«Գրադարակը» 4 գրադարան է կառուցել սահմանամերձ ու փոքր գյուղերում. Օգնեք կառուցել 5-րդը

«Գրադարակը» 4 գրադարան է կառուցել սահմանամերձ ու փոքր գյուղերում. Օգնեք կառուցել 5-րդը

PanARMENIAN.Net - Մոսկվայից Երևան տեղափոխված ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը «Գրադարակ» նախաձեռնության համահիմնադիրն է։2 տարում նախաձեռնության արդյունքում կառուցվել է դպրոցական ժամանակակից 4 գրադարան Հայաստանի 3 մարզում:

Գեղարքունիքի մարզի Դրախտիկից, Տավուշի մարզի Մովսեսից ու Չորաթանից և Լոռու մարզի Ամրակիցից հետո հաջորդ գրադարանը նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում: Այս նպատակով դրամահավաքն արդեն սկսված է, $47,400-ն այն գումարն է, որի առկայության դեպքում Արագածավանը կունենա ժամանակակից գրադարան:

Գրադարանները կառուցվում են գյուղական համայնքներում, ըստ նախաձեռնության հեղինակների՝ այն վայրերում, որտեղ լավ կրթությունը, միջավայրն ու հնարավորությունները բացակայում են։

Դրախտիկի գրադարանի տարածքը «Գրադարակի» գալուց առաջ ու հետո

«Իհարկե, մենք հաշվի ենք առնում աշակերտների քանակը, բնակիչների քանակը, կողքի գյուղերի հետ կապը՝ որպեսզի գրադարանից կարողանան օգտվել այլ համայնքների երեխաները նույնպես։ Մեզ համար կարևոր, բայց ոչ պարտադիր պայման է նաև «Դասավանդի՛ր, Հայաստանի» մասնակից ուսուցչի ներկայությունը դպրոցում։ Կարևոր է նաև համայնքի, դպրոցի ղեկավարության անձնական հետաքրքրությունը, մոտիվացիան։ Նոր վայր ընտրելուց առաջ մենք այցելում ենք համայնք, շփվում իրենց հետ, հասկանում իրենց մոտիվացիան. ոչ միշտ կա իրական մոտիվացիա լավ գրադարան ունենալու, լինում են դեպքեր, երբ գրադարանը պետք է սիրուն ֆոտոներ անելու համար»,- ասում է Զալիբեկյանը։

Կառուցումից, կահավորումից հետո գրադարանը համալրվում է գրքերով՝ շուրջ 300 նոր գիրք, հրատարակված հայկական հրատարակչությունների կողմից: «Գրքերը գեղարվեստական են, մասնագիտական, տարբեր լեզուներով։ Փորձում ենք ընտրել գրքեր, որոնք հետաքրքիր կլինեն տարբեր տարիքային խմբերի երեխաներին ու մեծահասակներին։ Բացի գրքերից մենք գրադարանները ապահովում ենք սեղանի խաղերով, փորձում ենք կազմակերպել հետաքրքիր հանդիպումներ գրադարանում՝ մաստեր կլասներ, դասախոսություններ, կինոդիտումներ և այլն»,- ասում է Զալիբեկյանը։

Կառուցվող գրադարանը դառնում է ամբողջ համայնքինը՝ մեծից փոքր կարող են գալ կարդալ: Այս պահանջը դպրոցի առջև դրվում է կառուցողների կողմից: Համայնքային գրադարանները ունենում են նաև գրադարանավարներ (եթե մինչ այդ դպրոցը չի ունենում նման հաստիք) և պահանջներից մեկն այն է, որ գրադարանն աշխատի նաև դասերից հետո, հանգստյան օրերին։ Զալիբեկյանը պատմում է, որ գրադարաններից մեկը հաճախող միջին դասարանի մի տղա, ով մինչև գրադարանի կառուցումը կարդալ չգիտեր, գրադարանի բացումից հետո, ցանկանալով միշտ հաճախել, սովորել է գրել-կարդալ, իսկ հիմա ինքն է գրադարան հաճախող փոքրիկներին տառերը սովորեցնում: «Նման պատմություններ շատ ունենք, համայնքների երեխաները իրենց հյուրերին հպարտությամբ են պատմում գրադարանի մասին»,- ասում է Հայկ Զալիբեկյանը։

Բոլոր գրադարանները կառուցվել են միայն նախաձեռնողների հայթայթած գումարների հաշվին. դեռ ոչ մի գումարային աջակցություն կառավարության, համայնքի կամ դպրոցի կողմից չի եղել:

Oգնել Արագածավանում գրադարան ունենալու նախագծին կամ իմանալ ավելին կարելի է gradarak.am-ում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---