«Իմ քայլից» պատգամավոր. Բաբայանին անձնական երաշխավորություն տալը քննարկվել է քաղաքական թիմի հետ

«Իմ քայլից» պատգամավոր. Բաբայանին անձնական երաշխավորություն տալը քննարկվել է քաղաքական թիմի հետ

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն տալը քաղաքական թիմի հետ քննարկված որոշում է եղել: Այս մասին հայտնել է Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է դիտարկվի բացառիկ դեպքերում, հայտնում է Factor.am-ը:

Պատգամավորը նշել է, որ Արսեն Բաբայանին ճանաչել է անձամբ և, իր կարծքիով, այս փուլում Բաբայանը չի խոչընդոտի նախաքննությանը: Գաբրիելյանն անձնական երաշխավորությունը ներկայացրել է նոյեմբերի 11-ին՝ վճարելով նախատեսված կես մլն դրամ գումարը:

«Եթե քննությունը եկել, հասել է մի փուլի, որ իրավապահ մարմինների համար բավարար չափով ապացույցներ կան, իմ խորին համոզմամաբ, կարելի է, տվյալ դեպքում՝ Բաբայանի խափանման միջոցը փոխել և նրան ազատության մեջ թողնել մինչև նախաքննության ավարտը»,- ասել է Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ ազատ արձակվելու որոշումը վերաբերում է մինչև այս գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը հրապարակելուն:

Պատասխանելով հարցին, թե ինչու նույն բանն անել հնարավոր չէ նաև երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի դեպքում, Գաբրիելյանը նշել է՝ անձնական երաշխավորություն տալը կախված է մարդուն ճանաչելուց:

«Չեմ պատրաստվում երբևէ անձնական երաշխավորություն տալ Ռոբերտ Քոչարյանին: Բարեբախտաբար, առիթ չեմ ունեցել իր հետ շփվելու: Իսկ Արսեն Բաբայանին ճանաչում եմ, և սա նաև իմ անձնական որոշումն է»,-ասել է պատգամավորը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել էր։ Ըստ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման՝ պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---