Եվրահանձնաժողովը պատրաստ է քաղաքական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագործմանը

PanARMENIAN.Net - Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը եղել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բառոզոյի հետ, հաղորդում է երկրի ղելավարի մամլո ծառայությունը: Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ այլընտրանքային տրանսպորտային ճանապարհների զարգացման հետ կապված հարցեր:



Հանդիպմանը հաջորդած բրիֆինգում Ժոզե-Մանուել Բառոզոն հայտնել է. «Շատ հետաքրքիր հանդիպում ունեցա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ես շնորհավորեցի նախագահ Սարգսյանին տնտեսական ոլորտում բարեփոխումների իրականացման գործում նրա հանձնարարությունների համար: Մենք պատրաստակամություն ենք հայտնում` գործողությունների համատեղ ծրագրի իրականացման համար աջակցելու Հայաստանին թե քաղաքականապես, եւ թե ֆինանսապես: Նա նաեւ գոհունակությամբ նշել է, որ Եվրամիությունն առաջիկայում խորհրդատվական խումբ կուղարկի Հայաստան` բարեփոխումներին աջակցելու նպատակով եւ, հույս է հայտնել, որ այն իրական եւ դրական ազդեցություն կունենա բարեփոխումների գործընթացի վրա:



Ժոզե Մանուել Բառոզոյի խոսքով, Եվրամիությունը ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ամրապնդել խաղաղությունն ու բարգավաճումը: «Սա կարեւոր տարածաշրջան է Եվրամիության համար, եւ մենք ջանք չենք խնայի` համատեղելու մեր խոսքն ու գործը»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ գոհ է Կովկասում խաղաղության հաստատմանը միտված Թուրքիայի նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի դրական արձագանքից: Ըստ նրա, Երեւանի եւ Անկարայի միջեւ ընթացող երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում անվտանգության առումով, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:



ՀՀ նախագահն իր հերթին ասել է, որ Հայաստանը ցանկանում է մերձենալ Եվրոպային եւ այս ճանապարհին ակնկալում է գործընկերների եւ, անշուշտ, նաեւ Եվրահանձնաժողովի աջակցությունը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր եվրոպական գործընկերները մեզ համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեն առեւտրի համար, ցանկանում ենք, որպեսզի մեր գործընկերները տեսնեն մեր տնտեսական զարգացումը, մեզ շնորհեն շուկայական տնտեսություն ունեցող պետության կարգավիճակ, ցանկանում ենք, որ Հայաստանի եւ Եվրամիության երկրների քաղաքացիները կարողանան ավելի հեշտությամբ շփվել, ցանկանում ենք Հանձնաժողովի հետ համատեղ ենթահանձնաժողով ունենալ, ինչը հնարավորություն կտա լուծելու առկա խնդիրները»,-շեշտել է Ս. Սարգսյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---