ՀՀ-ում դիակիզարան բացողները նաև ամերիկյան տիպի գերեզմանատներ են հիմնելու

ՀՀ-ում դիակիզարան բացողները նաև ամերիկյան տիպի գերեզմանատներ են հիմնելու

PanARMENIAN.Net - 2020-ին Հայաստանում կբացվեն ամերիկյան և եվրոպական ստանդարտներին համապատասխանող կանաչապատ գերեզմանատներ: Այդ մասին PanARMENIAN.Net –ի հետ զրույցում հայտարարել է «Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ նոր գերեզմանատները ստեղծվելու են դիակիզարաններ կառուցող ներդրողների կողմից:

«Պաշտոնական տվյալներով, Երևանի 21 գերեզմանոցների ընդհանուր մակերեսը 530 հա է, բայց փաստացի այն գերազանցում է 700 հա: Եթե նայենք Երևանի քարտեզին վերևից, կհասկանանք, որ եթե մենք այժմ չունենք խնդիր, ապա եկող տարի կամ հետո հաստատ ունենալու ենք: Գերեզմանոցներն էլ այժմ գտնվում են անմխիթար վիճակում, իսկ բարեկարգելու համար շատ մեծ ծախսեր են պետք, որոնք մենք էլի կանենք, բայց դա 1 կամ 2 տարվա գործ չէ», - նշել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ ըստ նախահաշվարկի, միայն 4 գերեզմանատան տարածք մասամբ ասֆալտապատելը կարժենա մոտ 60 մլն դրամ: ՀՈԱԿ-ը նախատեսում է կատարել այդ աշխատանքները 2020-ին:

«Մենք կողմ ենք, որպեսզի մասնավոր ներդրողներն իրենց սեփական հողատարածքի վրա ստեղծեն գերեզմանատներ, որոնք նախ և առաջ կլինեն այգի: Բոլորս էլ ֆիլմերում տեսել ենք՝ ինչպիսի տեսք ունեն եվրոպական կամ ամերիկյան գերեզմանատները: Քաղաքային իշխանությունները կողմ են այդ գաղափարին: Այդ մասնավոր գերեզմանատներում կտնկվեն ծառեր, կլինեն կանաչապատ տարածքներ, դրանք նման կլինեն այգիների, կլինեն ամբողջությամբ ցանկապատ: Կգտնվեն չօգտագործվող սեփական հողատարածքների վրա: Այժմ մասնավոր ներդրողները զբաղվում են այդ աշխատանքներով», - ասել է ՀՈԱԿ-ի տնօրենը, ընդգծելով, որ ուզում է, որպեսզի ՀՀ-ում լինեն «շատ ավելի ցիվիլ, կոմպակտ ու կոկիկ» գերեզմանատներ:

Իսկանդարյանը չի նշել՝ քանի մասնավոր գերեզմանատան մասին է խոսքը, միայն ասել է, որ նման ստանդարտներին համապատասխանող գերեզմանատներ կլինեն արդեն 2020-ին:

Ավելի վաղ Իսկանդարյանը հայտնել էր, որ 2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի: «Մենք ուսումնասիրել ենք այդ ոլորտի օրենսդրությունը, օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում: Կան ներդրողներ, որոնց հետաքրքրում է սա, նրանք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: 2020-ին Հայաստանում 2 դիակիզարան կբացվի»,-ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ ներդրողներն ուսումնասիրել են հարցը և եկել այն եզրակացության, որ ՀՀ-ում կա նման պահանջարկ:

Մայրաքաղաքում գործող 21 գերեզմանատների ընդհանուր տարածքը 530 հա է: 2019 թվականի դրությամբ Երևան քաղաքում կա 90 պուրակ և զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---