Երեւանում կայացել է «Ղարաբաղյան հակամարտության հիմնական փաստերը» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացել է «Ղարաբաղյան հակամարտության հիմնական փաստերը» գրքի շնորհանդեսը, որում ներկայացված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության փաստագրական տվյալներն ու նախապատմությունը, իրավական տեսանկյունները եւ կարգավորման բանակցային գործընթացը: Գիրքը ՀՀ Երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարության կողմից հիմնված Երիատասարդ առաջնորդների դպրոցի ուսանողական խմբի հեղինակային աշխատանքն է եւ հետապնդում է երիտասարդության` ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակը:



«Գիրքն իրականում իրենից ներկայացնում է տեղեկատվական փաթեթ, որը պարունակում է 10 հարց եւ պատասխանների բուկլետ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով եւ ձայնասկավառակ, որը պատմում է ղարաբաղյան հակամարտության մասին: Մենք պատրաստվում ենք տարածել դրանք ինչպես մայրաքաղաքի բուհերում, այնպես էլ Հայաստանի բոլոր շրջաններում, որպեսզի մեր հանրապետության երիտասարդությունը հստակ պատկերացում ունենա ղարաբաղյան հակամարտության մասին»,- հայտնել է գրքի համահեղինակ Գոհար Իսկանդարյանը: Նրա խոսքերով, գրքի շուրջ աշխատել են հինգ հեղինակ, որոնք հանդիսանում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ` պատմաբան, բանասեր, արվեստաբան: Նրանցից յուրաքանչյուրը ջանացել է գրքի ստեղծման մեջ ներմուծել իր մասնագիտական ներդրումը: «Գրքում ներկայացված են այն աղբյուրները, որոնք մեզ տեղեկություն են տրամադրել, եւ ցանկացած մարդ, որը կուզենա ստուգել այդ փաստերի ճշմարտացիությունը, կարող է դիմել նրանց: Մեր նպատակն է` երիտասարդությանը ներկայացնել ղարաբաղյան հակամարտության իրական փաստերը եւ Հայաստանի դիրքորոշումը այդ հարցի առնչությամբ: Այս տեղեկատվական փաթեթի օգնությամբ Հայաստանի քաղաքացին, որը հայտնվել է արտասահմանում, կարող է վստահորեն ներկայացնել ղարաբաղյան հակամարտությունը այլ երկրների ներկայացուցիչներին»,- նշել է գրքի համահեղինակը:
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---