Հայաստանը 28 կետով բարելավել է դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում

Հայաստանը 28 կետով բարելավել է դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում

PanARMENIAN.Net - 2019-ին Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արժեքն աճել է 7 միավորով` հասնելով 42-ի: Այսպիսով՝ ՀՀ-ն նախորդի համեմատ բարելավել է իր ցուցանիշը 28 կետով՝ 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում՝ Բահրեյնի և Սողոմոնյան կղզիների հետ կիսելով 77-ից 79-րդ տեղերը:

Ինչպես տեղեկացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլը միջազգային կազմակերպությունը՝ տարածաշրջանի 19 երկրի շարքում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 2018-ի 10-րդ տեղի փոխարեն:

2018 թ. ԿԸՀ համաթվի 35 միավորով Հայաստանը 180 երկրի շարքում կիսում էր 105-ից 113-րդ տեղերը: ԿԸՀ-ն դասակարգում է աշխարհի 180 երկիրն ու տարածքները՝ ըստ հանրային ոլորտում առկա կոռուպցիայի մակարդակների ընկալման, և հիմնվում է գործարար ոլորտում ղեկավար պաշտոններում գտնվող պաշտոնյաների շրջանում անցկացված 13 փորձագիտական գնահատման և հարցման վրա: Այն կիրառում է 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակը:

Նշվում է, որ տարածաշրջանում Հայաստանը, ինչպես և 2018-ին, նախկին խորհրդային հանրապետություններից զիջում է Վրաստանին և Բելառուսին, որոնց ԿԸՀ-ն 20109-ին կազմել են, համապատասխանաբար, 56 (զբաղեցնում է 44-ից 47-րդ տեղերը) և 45 (66-ից 69-րդ տեղեր):

Ըստ զեկույցի՝ Հայաստանում 2018-ի հեղափոխությանը և նոր խորհրդարանի ձևավորմանը հետևել են «հակակոռուպցիոն քաղաքականության բարեփոխումների խորացմանն ուղղված խոստումնալից զարգացումներ»: Սակայն ընդգծվում է, որ շահերի բախումը և հանրային ոլորտում ոչ թափանցիկ և ոչ հաշվետու գործողությունները շարունակում են խոչընդոտ լինել` ՀՀ-ում կոռուպցիայի վերջը տալու ճանապարհին:

«Քաղաքական բարեվարքության բարելավումը կպահանջի ժամանակ և միջոցներ, իսկ իրավապահ մարմինների և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության մեծացումն այն վճռորոշ առաջին քայլերն են, որոնք կապահովեն իշխանության ճյուղերի միջև զսպումները և հավասարակշռումները, ու կբարձրացնեն հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը»,- ասվում է զեկույցում:

Աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդում, ներառյալ առավել զարգացած տնտեսություն ունեցողները, հակակոռուպցիոն ջանքերի առումով գրանցվել է լճացում կամ նահանջ: Ըստ վերլուծության՝ կոռուպցիան ավելի տարածված է այն երկրներում, որտեղ դրամն ազդում է քաղաքական իշխանության վրա:

Դասակարգման մեջ ներառված երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից պակաս են, իսկ գլոբալ միջին արժեքը հավասար է 43-ի: Տարածաշրջանի ընդամենը երեք երկրի ԿԸՀ արժեքն է գերազանցում գլոբալ միջինը (43-ի հավասար). այդ երկրներն են Վրաստանը (56 միավոր), Բելառուսը (45 միավոր) և Չեռնոգորիան (45 միավոր): 2012 թվականի համեմատ Թուրքիայի ԿԸՀ արժեքը նվազել է 10 միավորով` 2019-ին հասնելով 39-ի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---