«Կսերժացնեմ մինչև վերջ». Սիմոնյանն ու Վանեցյանը շարունակում են հեռակա վիճել գրչի ու Թովմասյանի թեմաներով

«Կսերժացնեմ մինչև վերջ». Սիմոնյանն ու Վանեցյանը շարունակում են հեռակա վիճել գրչի ու Թովմասյանի թեմաներով

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության նախկին պետ Արթուր Վանեցյանի գլուխը պտտվել է վաղաժամ ուշադրությունից ու ուսադիրներից, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոստանալով, որ «կսերժացնի» Վանեցյանին մինչև վերջ:

PanARMENIAN.Net ը հավաքել է վերջին մի քանի ժամվա ընթացքում ներկա ու նախկին պաշտոնյա ընկերների հեռակա մեղադրանքները։

ԱԺ փոխխոսնակն «Ազատություն» ռադիոկայանի եթերում հունվարի 27-ին հայտարարել էր, որ այն ժամանակվա ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանից մի օր զանգ է ստացել. վերջինս իրեն հայտնել է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը պատրաստ է գործակցել, սակայն լավ կլինի՝ Սիմոնյանն իր մասին քիչ խոսի:

«Ես վստահ էի, որ այդ զանգի ընթացքում նա միայնակ չէր, էլի մարդիկ կային, և ասացի` ի գիտություն կընդունեմ: Երկու-երեք օր անց Թումանյան փողոցի խանութներից մեկի մոտ հետևից գրկախառնության արժանացա, ի զարմանս ինձ, դա Հրայր Թովմասյանն էր, ով ինձ լայն ժպիտով հարցրեց՝ նորմա՞լ է ամեն ինչ» ,- ասել է Սիմոնյանը նշելով, որ դա փաստացի Վանեցյանի հետ խոսակցության շարունակությունն էր:

Սիմոնյանն ասել է, որ ինքը չի հասկացել, թե ինչու էր Վանեցյանը զանգել իրեն, որովհետև, ընկերական հարաբերություններից զատ, ինքն ունի անմիջական ղեկավար՝ երկրի վարչապետը: Սիմոնյանը նշել է, որ Վանեցյանի հետ վերջին անգամ շփվել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից նրա հրաժարականի օրը: ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ Վանեցյանը քաղաքական դաշտ մտնելու հավակնություն է ներկայացրել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո ԱԱԾ նախկին պետը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ «գրչի պատմությունից» հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը:

«Ցավում եմ, որովհետև Վանեցյանը ամենաուժեղ քաղաքական թիմի անդամ դառնալու, թիմում մնալու հնարավորություն ուներ»,- ասել է Սիմոնյանը:

Արձագանքելով Վանեցյանի թվիթերյան գրառմանը՝ Սիմոնյանն ասել է, որ առաջարկում է Վանեցյանին դուրս գալ փողոց և այդ առաջարկը հնչեցնել «Ազատության» հրապարակում, տեսնել, թե ինչ կասեն մարդիկ իրեն:

Սիմոնյանի հարցազրույցից հետո Վանեցյանը հայտարարել է, որ Սիմոնյանը ստում է:

«Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել, նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել, և եթե նման հարց լիներ, նա չէր այն մարդը, ում հետ ես այդ հարց կքննարկեի»,- հայտարարել է Վանեցյանը:

Ավելի ուշ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վանեցյանի հայտարարությանը:

«Գիտեմ` ոնց գլուխդ պտտվեց վաղաժամ ուսադիրներից և ուշադրությունից: Քեզ թվաց, որ Նիկոլի շողքը դա դո՞ւ ես, հընգեր ջան: Քեզ թույլ ես տալիս ցածրորակ արտահայտություններ անել` մոռանալով, որ քեզանից այսօր նույնիսկ հարցազրույց, որ վերցնում են, ինձ ես պարտական: Ասում ես ինձ «նախկին ընկեր» այն պարագայում, երբ ես ամեն հարցազրույցում, ի հեճուկս քո դավաճանության, ինձ, վարչապետին, երկրին, քեզ ընկեր եմ անվանել: Ես քեզ շանս տվեցի դառնալ հեղափոխական, դու գնացիր քո մանկության երազանքի հետևից` «դառնալ Սերժ», այդ հարցում էլ քեզ կօգնեմ, խոստանում եմ. կսերժացնեմ մինչև վերջ և թվիթերը, որի գաղտնաբառը դու նույնիսկ չգիտես, քեզ չի օգնի»,- գրել է Սիմոնյանը:

Արթուր Վանեցյանն ԱԱԾ պետի պաշտոնից հեռացել է 2019-ի սեպտեմբերին: Հրաժարականից հետո նա հայտարարություն էր տարածել, թե «որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։

Փաշինյանն արձագանքել էր Վանեցյանի հայտարարություններին՝ ասելով, որ ԱԱԾ նախկին պետը, ըստ էության, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի «դեմ և դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա»: Ավելի ուշ՝ իշխող քաղաքական թիմի անդամները բազմիցս նշում էին, որ Վանեցյանը քաղաքական հավակնություններ է ներկայացնում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---