Փաշինյան. Իրավապահների դանդաղկոտությունը վարկաբեկում է կոռուպցիայի դեմ պայքարը

Փաշինյան. Իրավապահների դանդաղկոտությունը վարկաբեկում է կոռուպցիայի դեմ պայքարը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հրավիրած խորհրդակցությունում հայտարարել է, որ իրավապահների դանդաղկոտությունը վարկաբեկում է կոռուպցիայի դեմ պայքարը:

«Վերջին 1.5 տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից գողացվածի վերադարձի և պատճառված վնասների վերականգնման առումով զուտ տոկոսային վիճակագրությամբ ունենք աննախադեպ ծավալներ... սակայն, ամենալավատեսական հաշվարկով, կոռուպցիոն գործերով վերականգնվել է 150 մլն դոլարի վնաս»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, որ եթե հաշվարկից հանենք ՊԵԿ իրականացրած վերականգնումները, թիվը կիսով չափ կկրճատվի:

«Եթե հիմնվենք միայն իրավապահ մարմինների կողմից վերականգնումների վիճակագրության վրա, կարո՞ղ ենք պնդել, թե 1.5 տարվա ընթացքում 70, 80 մլն դոլարի վերականգնումները համամասնորեն արտահայտում են այն վնասը, որը ՀՀ-ն վերջին 30 տարիներին կրել է կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով: Իմ պատասխանը միանշանակ է՝ ո՛չ, կրկին ու կրկին՝ ո՛չ:

ՀՀ-ն բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյունքում կրել է միլիարդավոր դոլարների վնասներ, և ես՝ որպես ՀՀ ղեկավար, ժողովրդից մանդատ եմ ստացել նաև այդ միլիարդները ետ բերելու խոստումների համար: Եվ ուրեմն, իմ ակնկալիքն է, որ իրավապահ մարմիններն... իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը»,- ասել է նա:

Ըստ վարչապետի՝ իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչելու Հայաստանից, մյուս մասի համար «հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում»:

«Կան ավելի աղաղակող իրավիճակներ, երբ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այն նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, բայց մեր իրավապահներն այդ կապերն ապացուցող փաստեր չեն գտնում: Սա կատարելապես վարկաբեկում է մեր իրավապահ մարմինների համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ սրան գումարվում է այն փաստը, որ մի շարք գործերով առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ, լքել են ՀՀ տարածքը, ինչի արդյունքում այդ գործերով քննությունը մտել է փակուղի:

«Նման իրավիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություներով:

Արդյոք կարո՞ղ ենք երաշխավորել, որ այսօր իրավապահ համակարգը լիարժեք իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ: Իրավապահ համակարգը պետք է ի վիճակի լինի բոլորիս հայտնի ճշմարտություններին գրագետ իրավական ձևակերպումներ տալ»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը կարևոր պարզաբանում է արել՝ նշելով, որ այս ամենը որևէ կերպ չպետք է մեկնաբանվի որպես ՀՀ-ում օրինական ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ որևէ նեգատիվ երանգ ունեցող ասելիք:

Խորհրդակցության շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը և հետագա քայլերը: Խորհրդակցությանը մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները:

Կարդացեք նաև՝ $105 մլն-ի հետքերով. Որ գերատեսչությունն ինչքան գումար է վերադարձրել պետբյուջե

 Ուշագրավ
Երկու երկրի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան
Դիտարկմանը, թե Սարգսյանը Բելգիայում խոսել է ՀՀ-ում խնդիրներից, ԼՂ հարցից, ներքաղաքական զարգացումներից՝ Մակունցը նշել է, որ ինքը դա մտահոգիչ չի համարում
ՍԴ ղեկավարը վարաչապետից ներողություն և հերքում է պահանջում
Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության վրա