Նախագահ. Սումգայիթի հայերը մարդատյացության և հայատյացության զոհ դարձան

Նախագահ. Սումգայիթի հայերը մարդատյացության և հայատյացության զոհ դարձան

PanARMENIAN.Net - Սումգայիթի ողբերգությունը և դրանից տուժած հայերը մարդատյացության և հայատյացության ուղղակի զոհն էին, ասվում է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:

«Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կատարված ողբերգական դեպքերի 32-րդ տարելիցն է: 1988-ի փետրվարի այս օրերին Սումգայիթում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ տեղական զինված ավազակախմբերը սկսեցին հայ բնակչության դեմ զանգվածային բռնություններն՝ իսկական ջարդեր, որոնք ուղեկցվում էին կտտանքներով, բռնաբարությամբ և հայերի ունեցվածքի թալանով ու հրկիզմամբ: Պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հանցագործության արդյունքում սպանվեցին բազմաթիվ հայազգի բնակիչներ, շատերն էլ վիրավորվեցին, բռնությունների ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին»,- ասվում է ուղերձում:

Նշվում է, որ Սումգայիթում, իսկ հետագայում Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում հայերի նկատմամբ իրականացված բռնություններն ու դաժանություններն իրենց բնույթով հիշեցրին 1915-ի Հայոց ցեղասպանության օրերը: Դրանք հետևանք էին տասնամյակներով Ադրբեջանում խրախուսվող այլատյացության ու հատկապես հայատյացության, որոնք այսօր ավելի են խորացել և ստացել պետական համակարգված քաղաքականության բնույթ:

«Հիշելով ավելի քան 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերը և ոգեկոչելով զոհ գնացած մեր հայրենակիցներին, Հայաստանում և Արցախում փետրվարի 28-ը հռչակելով Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ մենք նաև ուղերձ ենք հղում մարդկությանը՝ քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով:

Յուրաքանչյուր չպատժված դեպք, յուրաքանչյուր կեղծվող փաստ, ատելության հողի վրա ընդհատված յուրաքանչյուր կյանք նշանակում է նոր ողբերգության հնարավորություն և հավանականություն, նշանակում է աջակցություն այլատյացություն հրահրողներին, քարոզողներին և այն որպես զենք օգտագործողներին, նշանակում է ատելության չընդհատվող ալիք տարածաշրջանում, նշանակում է անխոչընդոտ ճանապարհ դեպի էթնիկ զտումներ, դեպի մարդկության դեմ ուղղված ավելի ծանր հանցագործություն՝ ցեղասպանություն»,- ասվում է նախագահի ուղերձում:

1988 թվականի փետրվարի 26-29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդ եղավ, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը: Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարաններ ու սպանում նրանց: Սպանելուց հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---