Երևանի 3 ավագ դպրոցում կոդավորման արտալսարանային դասընթացներ են սկսում

Երևանի 3 ավագ դպրոցում կոդավորման արտալսարանային դասընթացներ են սկսում

PanARMENIAN.Net - Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սկսում են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի իրականացումը ՀՀ-ում, որը մեկնարկել է փետրվարի 27-ին՝ Ավ. Իսահակյանի անվան 16 ավագ դպրոցում։

Ծրագրով նախատեսվում է շահառու դպրոցների աշակերտների հետ կոդավորման արտալսարանային դասընթացներ անցկացնել, որոնք միտված են զարգացնելու աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և գործակցային աշխատանքը:

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող այս ծրագրով Երևանի Ավետիք Իսահակյանի անվան համար 16, ինչպես նաև 170 և 97 ավագ դպրոցներում ներդրվել են Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումներ, որոնք կրթական գործընթացը կդարձնեն առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ: Սարքավորումների հետ դպրոցներին են տրամադրվել նաև դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ:

Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը:

«Հայաստանում Beeline-ն արդեն մի քանի տարի աշխատում է անել հնարավորը, որ մեր երիտասարդները կարողանան որակյալ թվային գիտելիքներ ստանալ և իրենց ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվել: Ուրախ եմ, որ այս հարցում մենք կարողացել ենք մեր ուժերը միավորել Բրիտանական խորհրդի հետ և որ ստացել ենք նախարարության աջակցությունը: Վստահ եմ, սա մասնագիտական մեծ ձեռքբերումների սկիզբ կլինի շատերի համար», - նշել է Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը:

Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, իր հերթին, նշել է. «Կոդավորումը 21-րդ դարի հմտություններից է, որը խթանանում է քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը, որոնք անհրաժեշտ են ցանկացած մասնագիտական ոլորտում: Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունն համընկնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որդեգրած առաջնահերթություններին և միտված է աշակերտներին զինելու համապատասխան հմտություններով հետագայում կրթական և աշխատանքային ուղին հարթելու համար»:

Ծրագի մեկնարկից առաջ նշված դպրոցների ՏՀՏ ուսուցիչներն անցել են Micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ և առաջիկա երեք ամսում մոտ 300 աշակերտի կծանոթացնեն սարքի գործածությանն ու կվարեն կոդավորման ներածական դասընթացներ:

Նախագծի ավարտին շրջանավարտների համար կկազմակերպվեն ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական մրցումներ` «Կոդավորման մարտահրավերներ» (Coding Challenge), որոնք հնարավորություն կընձեռեն նրանց ցուցադրել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---