ՀՀ-ում արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 14-ը. Որոշ սահմանափակումներ կվերացվեն

ՀՀ-ում արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 14-ը. Որոշ սահմանափակումներ կվերացվեն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունն ապրիլի 14-ից 30 օրով կերկարաձգվի՝ մինչև մայիսի 14-ը, ժամը 17։00-ն, Կառավարության նիստում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա նշել է, որ ԶԼՄ-ի հանդեպ կիրառվող սահմանափակումներին վերաբերող օրենքն ուժը կորցրած է ճանաչվում։

Բադասյանը հայտնել է, որ հաջորդ փոփոխությունը վերաբերում է Դատական ակտերի հարկադիր կատարմանն ապահովող ծառայությանը, որի կողմից արտակարգ դրության ընթացքում կայանատեղիների տեղական տուրքը չվճարելու համար վարչական վարույթներով արգելանք չի կիրառվի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության վարչական իրավախատումների վերաբերյալ գործերով արգելանք չի կիրառվի։

Նախարարը նշել է նաև, որ հնարավոր կլինի արտակարգ դրության պայմաններում սեփականության իրավունքի սահմանափակում իրականացնել, եթե դա բխում է արտակարգ դրության իրավական ռեժիմից, օրինակ՝ հիվանդներին կամ ռիսկային խմբում գտնվող անձանց որևէ տարածքում տեղակայելու համար։

Նախագիծը ներկայացվել է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով «առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման»։

Կառավարության նիստից հետո, Սահմանադրության համաձայն, պետք է գումարվի ԱԺ հատուկ նիստ:

Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 26 նոր դեպք է գրանցվել, ինչպես նաև 1 մահ։ Վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1039-ի: Ապաքինվել է 211 անձ՝ նախորդ օրվա համեմատ այդ թիվն ավելացել է 14-ով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---