ԵՄ-ն կքննարկի Բելառուսի ցուցարարներին աջակցությունը. Ընդդիմության համակարգող խորհուրդ է ստեղծվել

ԵՄ-ն կքննարկի Բելառուսի ցուցարարներին աջակցությունը. Ընդդիմության համակարգող խորհուրդ է ստեղծվել

PanARMENIAN.Net - ԵՄ երկրների առաջնորդները և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն օգոստոսի 19-ին տեսակոնֆերանսի ձևաչափով քննարկելու են Բելառուսի ցուցարարներին աջակցելու հնարավորությունը։ Լիտվան առաջարկում է ԵՄ-ում աջակցության ֆոնդ ստեղծել։ Գերմանիան հանդես է գալիս իշխող վերնախավի դեմ անհատական պատժամիջոցների օգտին, գրում է BBC-ն։

Ակնկալվում է, որ ԵՄ-ն կզգուշացնի ՌԴ-ին, որ ուժային միջամտությունը Բելառուսում անթույլատրելի է։

Մինկսում աշխատանքն է սկսել ընդդիմության համակարգող խորհուրդը, որը ստեղծել են նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայայի կողմնակիցները։ Խորհուրդն իր նպաական է համարում նոր ընտրություններն ու իշխանության խաղաղ փոխանցումը։

Օգոստոսի 19-ին կայանալու է խորհրդի առաջին նիստը փակ դռների հետևում, գրում է BBC-ն։

Լուկաշենկոն խորհրդի ստեղծումը անվանել է իշխանազավթման փորձ և սպառնացել կոշտ միջոցներ ձեռնարկել։

Տիխանովսկայան կոչ է արել եվրոպական պետությունների ղեկավարներին չճանաչել Բելառուսում օգոտոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

«Ես կոչ եմ անում ձեզ չճանաչել այդ կեղծված ընտրությունները։ Պարոն Լուկաշենկոն կորցրել է լեգիտիմությունը մեր ժողովրդի և աշխարհի աչքերում․․․ Ես կոչ եմ անում ձեզ սատարել Բելառուսի զարթոնքին»,- ասել է նա։

Եվրամիության պետությունների ղեկավարներն օգոստոսի 19-ին գագաթնաժողով կգումարեն տեսակոնֆերանսի ձևաչափով՝ քննարկելու իրավիճակը Բելառուսում։

Փողոցային ցույցերն ամսի 18-ին այդքան մարդաշատ չեն եղել, ինչպես հանգստյան օրերին, սակայն գործադուլները շարունակվել են։

Լուկաշենկոն, իր հերթին, «Անբասաիր ծառայության համար» մեդալներով է պարգևատրել ՆԳՆ ավելի քան 300 աշխատակցի։ Մինչդեռ ՆԳՆ-ն հաստատել է ակցիաների ևս մեկ` երրորդ մասնակցի մահը։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---