Կաթողիկոս․ ՀԵՊ-ը պետք է առանձին առարկայով դասավանդվի

Կաթողիկոս․ ՀԵՊ-ը պետք է առանձին առարկայով դասավանդվի

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոսը մտահոգություն է հայտնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու շուրջ՝ այլ առարկաների մեջ տարալուծման ճանապարհով։ Գարեգին Բ-ն հայտարարել է, որ եկեղեցու համոզմամբ՝ Հայոց եկեղեցու պատմությունը պետք է դասավանդնվի առանձին առարկայով։

Նման հայտարարություն նա արել է Էջմիածնում կրթության մշակների օրհնության կարգ անցկացնելու ժամանակ։ Արարողությանը մասնակցել են կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ և ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ:

Նա նշել է, որ հայագիտական առարկաներին վերաբերող փոփոխությունները և դիրքորոշումները մտահոգություն, անհանգստություն և հուզում են առաջացրել հայ ժողովրդի, հատկապես՝ մտավորականության շրջանում։

«Ցավում ենք նաև, որ Կրթության և գիտության նախարարության կողմից տակավին չեն իրականացվել քայլեր՝ խորհրդակցելու և համագործակցելու Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի հետ։ Մեր համոզումն է, որ «Հայոց եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի որպես առանձին առարկա, իբրև վկայություն մեր կյանքում հայոց եկեղեցու հարամնա առաքելության և սխրանքների արժևորման, երեխաներին ծանոթացնելով ոչ միայն մեր Եկեղեցու պատմությանը, այլև՝ Աստվածաշնչի պատգամներին, քրիստոնեության հիմունքներին ու արժեքներին, մեր եկեղեցու խորհուրդներին ու ծեսերին, բարեպաշտական սովորություններին»,- նշել է նա։

Կաթողիկոսը նշել է, որ իբրև ժողովուրդ՝ «մենք մեզ քրիստոնյա գիտենք»․ ուստի պետք է ճանաչել եկեղեցին, գնահատել դրա առաքելությունը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանվել է դպրոցների կրթական ծրագրից և ըստ հայտարարությունների՝ ներառվել «Հայոց պատմություն» առարկայի մեջ։ Եկեղեցականները բազմիցս դեմ են արտահայտվել այս որոշմանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---