Ադրբեջանից վերադարձված տարեց կինը պատմել է Բաքվում իր հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին

Ադրբեջանից վերադարձված տարեց կինը պատմել է Բաքվում իր հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին ԿԽՄԿ-ի ջանքերով ադրբեջանական կողմից ՀՀ վերադարձված քաղաքացիական անձ տարեց կինը որպես տուժող է ճանաչվել, նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ։ Քննչական կոմիտեն նրա հարցաքննությունից մեկ հատված է ներկայացրել՝ նա պատմել է իր հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին։

Նրան տարել են Բաքու՝ որտեղ իրեն «որպես մի կենդանու, որպես շան են վերաբերվել»։ Նա պատմել է նաև մյուս հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին, որոնց հետագայում սպանել են։

Կինը ծնվել և ամբողջ կյանքն անցկացրել է Հադրութում։

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է Արցախի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի և քրեագիտական վարչության ծառայողները նույն օրը մասնակցել են ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողի մարմինների՝ հայկական կողմին փոխանցման գործընթացին և տեղում, ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ փորձագետների մասնակցությամբ, զուգահեռ իրականացրել զոհված զինծառայողների դիակների նախնական արտաքին զննություն:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---