Չի բացառվում, որ Ջավախքի հայերը կպաշտպանեն իրենց իրավունքները հանրաքվեի ճանապարհով

PanARMENIAN.Net - Սամցխե-Ջավախեթի շրջանում մի շարք խնդիրներ կան, եւ սոցիալ-տնտեսական խնդիրը դրանցից մեկն է: Վրացական իշխանությունները պետք է հասկանան, որ դրա վրա աչք փակելով անհնար է լուծման հասնել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: «Այո, Սամցխե-Ջավախեթիում կա սոցիալ-տնտեսական խնդիր, բայց դրա հետ մեկտեղ շրջանի հայ բնակչությանն անհանգստացնում է ազգային խտրականությունը, որը ցուցաբերում են վրացական իշխանությունները, եւ որը շատ հստակ է արտահայտվում: Եթե Թբիլիսին չի ցանկանում տեսնել բոլոր այդ խնդիրները եւ ընդգծում է միայն սոցիալ-տնտեսական խնդիրը, ապա առավել խորացնում է գոյություն ունեցող ճգնաժամը»,- նշել է Շիրակ Թորոսյանը:



Նրա խոսքով, «Հազարամյակի մարտահրավերները» ընկերությունը մի անգամ չէ, որ Վրաստանին ֆինանսավորում է հատկացրել` շրջանում ինֆրակառույցների եւ հաղորդակցության կառուցման եւ վերանորոգման համար, բայց կառուցման գործընթացը շարունակում է ձգձգվել, եւ Ախալքալաք-Ախալցխա-Նինոցմինդա-Ծալկա ճանապարհների դրությունը դեռեւս շատ ցավալի է:



Հայ խորհրդարանականը դրական է գնահատում Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը, որի համաձայն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չեն կարող լինել անլուծելի խնդիրներ, բայց, Թորոսյանի կարծիքով, նման խոսքերն արդեն դարձել են հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության «պահեստային հայտարարությունները»: «Պարզ է, որ ստեղծված խնդրի լուծման համար բացակայում է Թբիլիսիի քաղաքական կամքը: Երեւանը բարձրացնում է Ջավախքի հայերին անհանգստացնող խնդիրներ, բայց վրացական կողմը դրանց չի արձագանքում»,- ընդգծել է Շիրակ Թորոսյանը: Նա նաեւ ավելացրել է, որ ընկալումով է մոտենում Հայաստանի դիրքորոշմանը, որը չի ցանկանում, որպեսզի Վրաստանի հետ լարվածությունն աճի: «Պաշտոնական Թբիլիսին շատ լավ գիտակցում է իր աշխարհաքաղաքական նշանակությունը Հայաստանի համար: Բայց չի կարելի թույլ տալ, որպեսզի վրացական կողմը շարունակի դրանով շանտաժի ենթարկել հայկական կողմին: Միեւնույն է, Սամցխե-Ջավախեթիի հայերը երբեք չեն լքի իրենց տները եւ չեն հեռանա այդ հողերից»,- նկատել է Շիրակ Թորոսյանը: Նա նաեւ ասել է, որ Սամցխե-Ջավախեթիի հայերը մի անգամ չէ, որ բողոքներով դիմել են վրացական իշխանություններին, բայց նրանց պահանջները երբեք հարկի արձագանք չեն ստացել: «Եթե շրջանի հայերը հասկանան, որ խնդիրների լուծման այլ տարբերակ չկա, ապա չի բացառվում, որ նրանք կպաշտպանեն իրենց իրավունքները Ջավախքում սահմանադրական հանրաքվե անցկացնելու ճանապարհով»,- հայտնել է Շիրակ Թորոսյանը:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---