Ավետիքյան․ 1600 անհետ կորած կա, բայց թիվը նվազում է

Ավետիքյան․ 1600 անհետ կորած կա, բայց թիվը նվազում է

PanARMENIAN.Net - Անհետ կորած զինծառայողների ընտանիքները փետրվարի 10-ից սկսած կարող են դիմել դատարան՝ խնդրելով անհայտ բացակայող ճանաչել իրենց հարազատին: Այդ մասին ասել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ ներկայացնելով հիմնադրամի կատարած աշխատանքը և նշելով, որ այս պահին կա 1600 անհետ կորած։

Հիմնադրամի տնօրենի տվյալներով, այդ թիվը գնալով նվազում է, քանի որ կան անհետ կորածներ, որոնք, պարզվում է՝ գերության մեջ են և վերադառնում են, ոմանց մարմիններն են գտնվում և նրանք դադարում են լինել անհետ կորած, գրում է «Առավոտը»։

Ավետիքյանի խոսքով՝ անհետ կորած զինծառայողների հարազատները դատարան դիմելու համար կարող են անվճար օգտվել Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից, որի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Անդրադառնալով հատուցումներին՝ Ավետիքյանն ասել է, որ արցախյան վերջին պատերազմից մինչ օրս հիմնադրամը սպասարկում է 1111 ընտանիքի, որոնց տրամադրվել են մոտ 12 միլիարդ դրամի հատուցումներ: Սակայն յուրաքանչյուր շաբաթ այդ թվերը մի քանի հարյուրով աճում են: Հիմնադրամը պարտավորությունը ստանձնում է 20 տարով:

«Կամուրջ» ծրագրով, որը վերաբերում է անհետ կորած զինծառայողներին, հիմնադրամը կատարել է 803 ընտանիքի հատուցումներ: Դրանք վեց ամիս ժամկետով են՝ ամսական 300,000 դրամ: Հիմնադրամի տնօրենը նշել է, որ երբ անհետ կորած անձը դատարանի որոշմամբ կճանաչվի անհայտ բացակայող, ընտանիքը կստանա միանվագ 10 միլիոն դրամ, որից կնվազեցնեն այդ վեց ամսվա վճարումները և մնացած գումարը կտրամադրեն: Նրա խոսքով, ծանր վիրավորում ստացած 55 զինծառայող յուրաքանչյուր ամիս ստանում է 300,000 դրամ: Մինչ օրս հիմնադրամ փոխանցված գումարները կազմել են 32 միլիարդ դրամ:

Ավետիքյանը հավելել է նաև, որ 60 երկրից մոտ 9 միլիարդ դրամի նվիրաբերություններ են ստացել: Այդ գումարից 7.5 միլիարդը ստացել են վերջին պատերազմից հետո: Ստեղծման օրվանից մինչ այս պահն, ըստ Ավետիքյանի, հիմնադրամը սպասարկում է 1528 ընտանիքի, որից 1111-ը վերջին պատերազմից հետո են ընդգրկվել հատուցումների ցանկում:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է կատարում 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Պետբյուջեի հետ համաֆինանսավորմամբ էլ հատուցում է 2008-2016 թվականներին զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Մինչ այս պահը կատարել են մոտ 14 միլիարդ դրամի հատուցումներ: Ֆինանսական հատուցումները կատարվում է միանվագ՝ 5 կամ 10 միլիոն դրամի չափով, ինչպես նաեւ վճարման եղանակով՝ ամսական 100-ից 300 հազար դրամ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---