ՀՀ է բերվել AstraZeneca-ի պատվաստանյութի 24,000 դեղաչափ

ՀՀ է բերվել AstraZeneca-ի պատվաստանյութի 24,000 դեղաչափ

PanARMENIAN.Net - Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի (Covid-19) դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ AstraZeneca ընկերության պատվաստանյութի 24,000 դեղաչափ: Այն երկիր է հասել COVAX FACILITY նախաձեռնության միջոցով:

Պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հայաստանում պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավորության սկզբունքով:

AstraZeneca-ի պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:

«Առողջապահության նախարարության գործադրած ջանքների շնորհիվ, բանակցությունների արդյունքում, հնարավոր եղավ պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստանալ նախանշված ժամկետներում: Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որը հնարավորություն է ստացել ձեռք բերել երկար սպասված պատվաստանյութը, երբ այսօր աշխարհում մի շարք երկրներ դեռևս պայքարում են այդ իրավունքի համար»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

ԱՄՆ-ում AstraZeneca-ի կլինիկական փորձարկման 3-րդ փուլի վերաբերյալ վերջին հայտարարության համաձայն, պատվաստանյութն ապահովում է՝ ախտանշանային Covid-19-ի կանխարգելում` 76% արդյունավետություն, հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերի և հոսպիտալացման կանխարգելում՝ 100% արդյունավետություն, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում ախտանշանային Covid-19-ի կանխարգելում՝ 85% արդյունավետություն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպայի մի շար երկրներոմ նվազել է վստահությունը կորոնավիրուսի դեմ բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութի հանդեպ։ Սակայն հայտարարվել է, որ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպնիան և մի շարք այլ երկրներ վերսկսում են պատվաստանյութի կիրառումը Եվրոպայի դեղամիջոցների գործակալության (ЕМА) եզրակացությունից հետո, որը հետազոտել է պատվաստանյութով պատվաստվելուց հետո տրոմբերի առաջացման դեպքերը։

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---