30 մարտի 2021 - 11:57 AMT
APT գլխավոր քարտուղարը ՄԻՊ-ի ֆինանսական անկախության երաշխիքի հարցով դիմել է Միրզոյանին

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (Association for the Prevention of Torture, Ժնև) գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` նշելով, որ սահմանադրական օրենքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Կառավարության որոշմամբ կարող է կրճատվել ՄԻՊ ֆինանսավորումը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարությանը, որով իր անհամաձայնությունն է հայտնել Կառավարության առաջարկած փոփոխություններին։

Նամակում նշվում է, որ ֆինանսական անկախությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դարձրել է ուժեղ և վստահելի գործընկեր խոշտանգումների դեմ պայքարում։ Դրանում ընդգծված է ասոցիացիայի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարիների համագործակցությունը՝ նաև շնորհիվ անկախության:

Դրանում նշված է նաև, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը լայնորեն ճանաչվել է միջազգային լավագույն փորձ, և իրենք այն առաջարկում են այլ երկրների՝ կանխարգելման ազգային մեխանիզմներ հիմնադրելիս:

APT գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ չնայած շատ պետություններ բախվում են բյուջետային սահմանափակումների, մասնավորապես, կորոնավիրուսի ժամանակահատվածում, միաժամանակ, այս ընթացքում է, որ հասարակության առավել խոցելի խմբերը գտնվում են մեծագույն ռիսկի ներքո: Ուստի, էական է, որ նրանց պաշտպանության մանդատ ունեցող հաստատություններին ոչ միայն ցուցաբերվի աջակցություն, այլ նաև դրանք առավել հզորացվեն:

«Բաց նամակում ընդգծվում է, որ այս հարցը դիտարկվում է առավել լայն կոնտեքստով՝ նշելով, որ մեքենաների հարցում սահմանափակումը արդեն իսկ բացասական է եղել: Հատուկ անդրադարձ է եղել նաև այն հարցին, որ փոփոխություններն արվել են առանց ՄԻՊ-ի հետ պատշաճ խորհրդակցության կամ քննարկման:

Հաշվի առնելով միջազգային, այդ թվում՝ Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի կոնվենցիոն չափանիշները և ՀՀ միջազգային պարտավորությունները՝ APT գլխավոր քարտուղարը նշել է, որ պետք է պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որպես Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Կանխարգելման ազգային մեխանիզմների թվում լավագույն փորձ: Միաժամանակ, առաջարկել է ապահովել, որպեսզի ՄԻՊ ֆինանսավորման հետ կապված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հետագա քննարկում իրականացվի ՄԻՊ հետ ամբողջական խորհրդակցությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Association for the Prevention of Torture-ի նստավայրը Շվեյցարիայի Ժնն է: Այն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որի հիմքում «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ ստեղծված՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային համակարգն է: Այս կազմակերպության գործունեությունը ընդգրկում է աշխարհի 90-ից ավելի երկիր: Այն ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոմիտեի (UN CAT) և Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի (UN SPT) գլխավոր գործընկերներից է և մեծ դերակատարություն ունի հավատարմագրման (ակրեդիտացիայի) փուլում Մարդու իրավունքների հաստատության գործունեության գնահատելու հարցում: