ՄԻՊ․ Ադրբեջանական ԶՈւ հարձակումներն ուղեկցվել են գլխատումներով ու խոշտանգումներով

ՄԻՊ․ Ադրբեջանական ԶՈւ հարձակումներն ուղեկցվել են գլխատումներով ու խոշտանգումներով

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչության վրա թիրախային հարձակումների մասին հատուկ զեկույցով է հանդես եկել ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության բարձրաստիճան ֆորումին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ:

Ապրիլի 28-ի ելույթում Պաշտպանը նշել է, որ Արցախի դեմ պատերազմու թիրախավորվել են կանայք ու երեխաներ, խախտվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը: Ավելին, Ադրբեջանը պատերազմ է սկսել ուժի բացառման միջազգային կոչերի, այդ թվում՝ Covid-19-ի ընթացքում պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ պահանջի կոպիտ խախտմամբ:

Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական կողմն օգտագործել է արգելված կասետային զինատեսակներ՝ թիրախային հարվածներ հասցնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ։ Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական զինված հարձակումներից սպանվել ու վիրավորվել են նաև ՀՀ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչներ:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել, թարգմանվել ու վերլուծվել են ավելի քան 300 տեսանյութ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, այդ թվում՝ կենդանի մարդկանց գլխատումներ, մասնատումներ, խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի դեպքեր: Բոլորն ուղարկվել են միջազգային իրավապաշտպան կառույցներին:

Պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականությունը: Դրա ապացույցներից է նաև Բաքվում պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:

Թաթոյանը նշել է, որ ցավոք, այս բոլոր փաստերը միջազգային քաղաքակիրթ հանրությունը դեռ պատշաճ գնահատականի չի արժանացրել:

Արման Թաթոյանը նշել է, որ իր ելույթում արձանագրված բոլոր փաստերը հիմնված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական անկախ հաստատության փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված օբյեկտիվ և հավաստի ապացույցների վրա:

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեn, ՀՀ ՊՆ-ն և այլք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---