Փաշինյանը Մակրոնին հրավիրել է ՀՀ․ Ֆրանսիան և ֆրանսիացիները մեր կողքին էին դժվար շրջանում

Փաշինյանը Մակրոնին հրավիրել է ՀՀ․ Ֆրանսիան և ֆրանսիացիները մեր կողքին էին դժվար շրջանում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ընդհանուր արժեքների և դարավոր բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները կրում են առանձնաշնորհյալ բնույթ: Այդ մասին ասվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի կապակցությամբ:

«Անցած տարի տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համատեքստում Հայաստանն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում բարեկամ Ֆրանսիային՝ անաչառ դիրքորոշման և Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։ Ֆրանսիան և ֆրանսիացիները հերթական անգամ մեր կողքին էին պատմական այս դժվար շրջափուլում:

Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Ֆրանսիայի ամուր ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ջանքերը հայ ռազմագերիների տուն վերադարձի և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերում։

Ակնկալում եմ առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով»,-ասվում է ուղերձում:

Փաշինյանը նշել է նաև, որ ավելի քան երկու դար առաջ ֆրանսիացի ժողովուրդը համախմբվեց ազատության, հավասարության և եղբայրության արժեքային առանցքի շուրջ՝ եվրոպական քաղաքակրթության համար ճանապարհ հարթելով դեպի մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա։

«Իսկ այսօր, Հայաստանը, իր հավատարմությունը ցույց տալով նույն անբեկանելի արժեքներին, վճռական քայլերով շարունակում է առաջ ընթանալ ժողովրդավարական ինստիտուտների և իրավունքի գերակայության ամրապնդման ուղիով։

Երկու պետությունների միջև բացառիկ քաղաքական երկխոսությունը թույլ է տալիս հաջողությամբ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ծրագրերի ու հարցերի շուրջ»,-ասվում է ուղերձում։

Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է իր գլխավոր տոնը՝ Բաստիլի գրավումը: 1789թ. հուլիսի 14-ին ապստամբած փարիզեցիները գրավեցին բանտ-ամրոց Բաստիլը: Համարվում է, որ հեցն դա սկիզբ դրեց ֆրանսիական հեղափոխությանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---