Փաշինյան․ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե օրակարգ է պարտադրում ՀՀ-ին

Փաշինյան․ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե օրակարգ է պարտադրում ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՊՆ աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացնելով պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին, հայտարարել է, որ ՀՀ շուրջ բավականին լարված իրավիճակ է, Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը տարածաշրջանում և ՀՀ շուրջ ստեղծել է մի օրակարգ, և ինքը պարտադրում է այդ օրակարգը:

«Այդ օրակարգի վերաբերյալ Ադրբեջանը փորձում է սեփական մեկնաբանությունները ներկայացնել, և նպատակն այդ օրակագի հարցերի լուծման վիժեցումն է: Այսինքն՝ իրականում փորձ է արվում հնարավորություն չտալ լուծել հարցեր, որոնք գտնվում են նաև ՀՀ կառավարության օրակարգում»,- ասել է վարչապետը:

«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Ադրբեջանը փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են ՀՀ համար: Նկատի ունեմ միջանցքի մասին խոսակցությունները: Բոլորը պետք է իմանան, որ ՀՀ տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ ՀՀ-ն ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել: Այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ:

Շատ է խոսվում այն մասին, թե կան հայտարարություններին կից ինչ-որ գաղտնի արձանագրություններ, գաղտնի պայմանավորվածություններ: Բացարձակապես որևէ նման բան չկա: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ դուք բոլորդ դա իմանաք:

Կա՞ արդյոք պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Այո՛, կա և դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ ՀՀ-ն պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Հունվարի 11-ի հայտարարության մեջ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ:

Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի քաղաքացիները: Այսինքն՝ այդ նույն կանոններով: Իհարկե, մենք այդ օրակարգն ենք ընդունել:

Ինչո՞ւ ենք ընդունել այդ օրակարգը: Դա էլ եմ ուզում ասել: Որովհետև Ադրբեջանի վերջին՝ համարյա 30 տարվա քաղաքականությունը եղել է Հայաստանի շրջապափակումը: Այսինքն՝ կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի: Որովհետև մենք համարում ենք, որ կոմունիկացիաների բացումով հաղթահարում ենք ՀՀ-ն շրջափակելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը հենց դրա համար է առաջ բերում՝ իմանալով, որ դա մեզ համար անընդունելի է: Նա ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի կոմունիկացիաների բացում տեղի չունենա: Այսսինքն՝ Հայաստանի ապաշրջափակում տեղի չունենա: Սա շատ պարզ տրամաբանություն է: Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս այս նրբություններն արձանագրենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտել է, որ մեծագույն խնդիրն է՝ ԶՈւ բարեփոխումները: «Մենք բոլորս պետք է կրենք այդ պատասխանատվությունը: Փաստն այն է, որ ճակատագիրը հենց մեր վրա է դրել, այս օրակարգն առաջադրել և մենք մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից»,- ասել է վարչապետը:

Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը նշել է. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում հակառակորդի ոտնձգություններից խաղաղություն ապահովենք, մենք ամեն ինչ անելու ենք մեր սահմանները պաշտպանելու և արդեն նախաձեռնված ներդրումների և բարեփոխումների շնորհիվ հայկական բանակի ռեսուրսները վերականգնելու համար, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ն կարողանա լինել տարածաշրջանում իր համբավն ունեցող, հզոր բանակներից մեկը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---