Փաշինյանն ու Ռայիսին խոսել են Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի նշանակության մասին

Փաշինյանն ու Ռայիսին խոսել են Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի նշանակության մասին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Իրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ քննարկել են հայ-իրանական համագործակցության ընդլայնման, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Մասնավորապես, զրուցակիցներն այս ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու խթան են համարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը։

Կողմերն առաջնային են համարել տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացումը։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ և հավելել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը վերը նշված ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին։

Փաշինյանը և Ռայիսին անդրադարձել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսելու ուղղությամբ իրականացվող քայլերի ընթացքը, կարևորել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ գծի շահագործումից հետո գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալների մեծացումը։

Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի հետևողական ջանքերը։

Ռայիսին նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։

Քննարկվել են նաև առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին Ռայիսին ՀՀ վարչապետին մաղթել է ուժ, եռանդ և կորով՝ Հայաստանի զարգացման ու նպատակադրումների իրականացման գործում։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մաղթանքների համար և Իրանի նախագահին հրավիրել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է։

Զրուցակիցները հանձնարարել են համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ սերտորեն աշխատել հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցերի առաջ մղման ուղղությամբ։

Օգոստոսի 5-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԻԻՀ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---