ՄԻՊ․ Ադրբեջանցիները տեսախցիկներով վերահսկում են Որոտանի բնակիչների տները

ՄԻՊ․ Ադրբեջանցիները տեսախցիկներով վերահսկում են Որոտանի բնակիչների տները

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի սեփական տներից մեկն ադրբեջանական տեսախցիկների մշտական վերահսկողության ներքո է: Այս տան հետ ևս 3 տուն, ինչպես նաև ձկնաբուծարանն ադրբեջանական տեսախցիկների ուղիղ վերահսկողության ներքո են:

Նա նշել է, որ դա խախտում է բնակիչների ոչ միայն անվտանգ ու խաղաղ ապրելու, կյանքի իրավունքը, այլև անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը, այդկերպ առանց որևէ իրավական հիմքի հավաքվում են մարդկանց անձնական տվյալներ:

«Ի դեպ, այն տունը, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինված ծառայողներ և այնտեղից տեսախցիկներով վերահսկում են տան անցուդարձը, կադաստրային փաստաթղթով պատկանում է ՀՀ քաղաքացու (այս ապացույցը մենք արդեն հրապարակել ենք):

Այսինքն՝ ՀՀ քաղաքացուն սեփականություն հանդիսացող տանը տիրացել են հանցավոր արարքներով: Ընդ որում, սա Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածն է, որտեղ ադրբեջանական զինծառայողները, ինչպես հայտարարված է, սահմանել են, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողություն, ինչը զուրկ է որևէ իրավական հիմքից:

Ադրբեջանական զինված, այդ թվում՝ Սահմանապահ, Ոստիկանության ծառայողները մշտապես ներկա են անմիջապես տան դիմաց: Ըստ քաղաքացիների հաշվարկի՝ ընդհանուր առմամբ՝ բոլորը միասին կլինեն մոտ 150-200 ծառայող: Ընդ որում, այդ բոլոր ծառայողները զինված են, մեծ մասը հիմնականում դիմակավորված է: Նրանք բացահայտ, ցուցադրաբար կանգնում են ճանապարհին կամ քաղաքացիական տների ուղղությամբ, որպեսզի հատուկ տեսանելի լինեն քաղաքացիական բնակիչներին:

Մենք արել էինք հրապարակում այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհի այս հատվածում կա առնվազն 10 տեսախցիկ, որոնք վերահսկում են քաղաքացիական բնակիչների տեղաշարժը, խախտում են մարդկանց անձնական ու ընտանեկան կյանքը, հանցավոր արարքներով հավաքում են անձնական տվյալներ»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ ադրբեջանական զինված ծառայողների այս արարքները ևս ապացուցում են, որ նրանց ներկայությունն ինքնին խաթարել է Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը, առաջացնում է մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարել անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքը:

«Ուստի, նրանք չպետք է լինի մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին, որպեսզի հնարավոր լինի վերականգնել խաղաղ բնակիչների իրավունքներն ու բնականոն կյանքը»,-ասվում է գրառման մեջ:

Այս փաստը ևս կներառվի ադրբեջանական զինված ծառայողների անօրինականությունները հաստատող ապացույցների թվում՝ համապատասխան միջազգային ատյաններ ուղարկելու նպատակով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---