Փաշինյան. Մենք ևս բախվել ենք միջազգային ահաբեկչության հետ մեր տարածաշրջանում

Փաշինյան. Մենք ևս բախվել ենք միջազգային ահաբեկչության հետ մեր տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստում, որը նվիրված էր Ղազախստանում ստեղծված վիճակին և ՀԱՊԿ արձագանքին, հայտարարել է, որ ոչ վաղ անցյալում Հայաստանը ևս բախվել է միջազգային ահաբեկչությանը տարածաշրջանում։

«Ղազախստանում տիրող իրավիճակը հատկապես մտահոգիչ է՝ կապված միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության մասին տեղեկությունների հետ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների հայտնվելուն», - ասել է նա։

Փաշինյանը նաև հավելել է, որ ՀՀ-ն ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետություններից ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդմանն ուղղված ջանքերի ավելացում։

«ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններից է ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը։ Ելնելով դրանից՝ ակնկալում ենք ՀԱՊԿ անդամ պետություններից այդ ուղղությամբ ջանքերի ավելացում՝ այդ մեխանիզմների հետագա կատարելագործման նպատակով, ինչն, անկասկած, կծառայի անդամ պետությունների միջև փոխգործակցության հետագա զարգացմանն ու կազմակերպության համապատասխան կառույցների ու արձագանքման մեխանիզմի ամրապնդմանը»,-ասել է Փաշինյանը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---