ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել

ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել։ ՌԴ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ապրիլի 11-ին հանդիպել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչի հետ։

Առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար ռուսական կողմն արդյունավետ լուծումներ է առաջարկել տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, ՀՀ-ում հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար։

Վոլվաչի խոսքով՝ համատեղ զարգացման նոր կետեր գտնելու գործիքներից մեկը կարող է լինել 2022-2025 թվականների միջկառավարական տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրումը և դրա շրջանակում Գործողությունների ծրագրի մշակումը, որը կներառի փոխգործակցության հեռանկարային ոլորտները։

Քերոբյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել և ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետարդյունաբերության, առևտրի և փոխադարձ ներդրումների ոլորտում՝ հաշվի առնելով երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված և բարեհաջող աշխատանքը։

«Կախված գտնվելու վայրից և թիրախային ուղղվածությունից՝ օտարերկրյա ներդրողները կարող են գրանցել ընկերություն և արդյունավետ գործունեություն ծավալել Հայաստանում էներգետիկայի, թեթև և ծանր արդյունաբերության, դեղագործության, հեռահաղորդակցության, ոսկերչության կամ ադամանդի արտադրության, լոգիստիկայի և տրանսպորտի, ինչպես նաև ՏՏ ոլորտում», - ընդգծել է նախարարը։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021-ին աճել է գրեթե 13%-ով և հասել 2․6 մլրդ դոլարի, մինչդեռ միայն 2022-ի հունվարին փոխադարձ առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով։

«Սրանք բարձր ցուցանիշներ են, և այսօր՝ նոր պայմաններում, մենք շարունակում ենք փոխգործակցությունը մեր համագործակցության տեմպերը պահպանելու նպատակով։ Դրա համար առկա է մեծ ներուժ։ Մենք չենք ցանկանում կանգ առնել ներկա ձեռքբերումների վրա և շահագրգռված ենք փնտրել համատեղ նոր նախագծեր և զարգացնել ներդրումային ներուժը», - ասել է Դմիտրի Վոլվաչը:

Նա նաև նշել է, որ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռուսական խոշոր ընկերություններ։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրել է մոտ 2 մլրդ դոլար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջտարածաշրջանային համագործակցությանը։ Այսօր Հայաստանը հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի ավելի քան 70 շրջանների հետ։ Բացի այդ, նախատեսվում է աշխատանքներ կազմակերպել միջտարածաշրջանային համագործակցության նախագծերի ընտրության և դրանց կյանքի կոչմանը աջակցելու ուղղությամբ։

Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական իրավիճակն ու կայուն զարգացումը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---