Սերժ Սարգսյան. Փաշինյանը կրկին ստում է՝ երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ

Սերժ Սարգսյան. Փաշինյանը կրկին ստում է՝ երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, հայտարարել է, որ վերջինս կրկին ստում է, փորձում մոլորեցնել հանրությանը։ Այդ մասին ասվում է Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ԱԺ-ի ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ամբողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս:

Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան:

Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով:

Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակի տարբերությունը և առանձնահատկությունները: Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին»,-ասվում է հայտարարության մեջ։

Փաշինյանն ԱԺ-ի իր ելույթում ասել է, որ երբ ծանոթանում էր բանակցային փաստաթղթերին, համոզվում էր, որ «Սերժ Սարգսյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանը, բայց ամեն անգամ Ադրբեջանն առաջ էր քաշում նորանոր պահանջներ» և որ Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են և անընդունելի մեզ համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---