Վարչապետը շնորհավորել է Մակրոնին և կրկին Հայաստան հրավիրել

Վարչապետը շնորհավորել է Մակրոնին և կրկին Հայաստան հրավիրել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ:

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ խաղաղության, զարգացման և բարգավաճման լավագույն մաղթանքներ հղելով բարեկամ ու եղբայրական Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։

Ազգային միասնության այս օրը՝ հուլիսի 14-ը, լավագույնս է խորհրդանշում Ֆրանսիայի ու ֆրանսիացիների անցած բարդ ու փորձություններով լի ճանապարհը՝ հանուն արդարության և համամարդկային արժեքների հաղթանակի, հանուն արժանապատիվ և լուսավոր ապագայի։

Մենք բարձր են գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ բարեկամությունը՝ հիմնված հազարամյակի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարուստ շփումների, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքի վրա։ Ուրախ ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ գործուն քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում հատկապես կարևորում ենք նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված՝ Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի դրույթների հետևողական իրականացումը, ինչպես նաև այս տարվա մարտ ամսին Ձեր նախաձեռնությամբ կազմակերպված «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի գրանցած հաջողության շարունակականության ապահովումը։

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործընթացում։

Այս կապակցությամբ վերահաստատում եմ Հայաստանի վճռական հանձնառությունը՝ հասնել հիմնախնդրի խաղաղ ու տևական կարգավորմանը»,-ասվում է նամակում։

Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին նաև Եվրոպական միությունում Ֆրանսիայի նախագահությունը պատվով իրականացնելու ու հաջողությամբ ավարտին հասցնելու կապակցությամբ։

«Վստահ եմ՝ Ֆրանսիան ապագայում ևս կշարունակի կարևոր դերակատարում ունենալ աշխարհաքաղաքական ցնցումներով լի այս դժվարին ժամանակաշրջանում ի հայտ եկած բոլոր մարտահրավերների հաղթահարման հարցում՝ հօգուտ միջազգային համերաշխության ու համընդհանուր բարօրության։

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի համար այս նվիրական տոնի առթիվ՝ վերահաստատում եմ իմ և հայ ժողովրդի ցանկությունը առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով»,-ասվում է շնորհավորական նամակում: ‌

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---