Փաշինյանը` ՀԱՊԿ Խորհրդի նիստում. ՀՀ-ն Բաքվի գործողությունների քաղաքական գնահատական է ակնկալում

Փաշինյանը` ՀԱՊԿ Խորհրդի նիստում. ՀՀ-ն Բաքվի գործողությունների քաղաքական գնահատական է ակնկալում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է Բաքվի գործողությունների քաղաքական գնահատական։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին, մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021-ի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է համաձայնեցնել որոշման նախագիծը։

Նիստում քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի նիստին ընդունված արձանագրային որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը:

Նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

ՀՀ նախաձեռնությամբ գումարված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցը ևս մեկ անգամ կքննարկվի նոյեմբերի վերջին կայանալիք նիստում։

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում և 2 հիմնական ակնկալիք ունի։ «Առաջին՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական պետք է տա տեղի ունեցածին, և երկրորդ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ ընդունի»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---