Փաշինյան․ ԼՂ ՊԲ-ն լուրջ խոչընդոտ է ցեղասպանությունը կյանքի կոչելու համար՝ առաջարկել ենք ապառազմականացված գոտի ստեղծել

Փաշինյան․ ԼՂ ՊԲ-ն լուրջ խոչընդոտ է ցեղասպանությունը կյանքի կոչելու համար՝ առաջարկել ենք ապառազմականացված գոտի ստեղծել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքներին, ասել է, որ Ալիևը Հայաստանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ, մինչդեռ ՀՀ-ն այնտեղ բանակ չունի։

«ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի և Բաքուն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որն արել եմ հոկտեմբերի 6-ին, Պրահայում։ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ Պաշտպանության բանակ, որը լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար», - ասել է վարչապետը։

Նա ասել է, որ Սոչիի հանդիպմանը ներկայացրել է Lեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը՝ ԼՂ-ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ՊԲ բանակ ունենալու կարիք ԼՂ-ն կարող է չունենալ։

Նշելով, որ այդ առաջարկն ուժի մեջ է՝ վարչապետն ասել է նաև, որ հայկական կողմն ապառազմականացման առաջարկ է արել նաև ՀՀ-Ադրբեջան սահմանային գոտու համար՝ առաջարկելով զորքերը հետ քաշել 1991-ին վերահաստատված սահմանից՝ երկու կողմից 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի ստեղծելով։

«Նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը», - ասել է Փաշինյանը։

Նա մեկ անգամ ևս շեշտել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով զինվորականների առջև կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Նա ասել է նաև, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սևանա լիճը՝ նշելով, այդ տեղանունների ադրբեջանական տարբերակները։ Ալիևն ասել է նաև, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են տեղակայված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---