Փաշինյան․ Խաղաղության պայմանագիր լինելու է

Փաշինյան․ Խաղաղության պայմանագիր լինելու է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին, Բաքվի աճող ագրեսիվ հռետորաբանությանը, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմների գործարկմանը վերաբերող հարցերին, ասել է, որ ուզում է հետևյալ ուղերձը հղել բոլորին և միջազգային հանրությանը. խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա:

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 18-ին ունեցած ելույթում բացահայտ, բառացի ասել է, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա բառացի մեջբերում է Ադրբեջանի նախագահի խոսքից:

«Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում դժվար է որակել: Ինչո՞ւ, որովհետև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է - խոսքը Պրահայի հայտարարության մասին է՝ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»: Սա հայտարարություն է, որն ընդունվել է նաև Ադրբեջանի ղեկավարի կողմից:

Նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին, Սոչիում՝ Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից, որտեղ ասվում է՝ «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրի»:

Այս հայտարարություններից հետո, որն ուղիղ արձանագրումն է այն բանի, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է՝ այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:

Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպը եղավ պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, և թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմներ»,-ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգության համակարգն ուժեղացնելով:

«Եվ մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից»,-ասել է վարչապետը։

Ալիևն օկուպացված Թալիշում հայտարարել է, թե Հայաստանը հանգիստ ապրելու համար պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները։ Ալիևը նաև ասել է, որ հետպատերազմյան իրողությունները պետք է արտացոլվեն բանակցություններում, հակառակ դեպքում «ոչ մի խաղաղ պայմանագիր չի լինի»։

«Որպեսզի Հայաստանը կարողանա հանգիստ ապրել 29 հազար քկմ տարածքում, մեկ պայման կա՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա սահմանազատման աշխատանքներ իրականացնեն»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---