Փաշինյան․ Ուկրաինայի դեմ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք

Փաշինյան․ Ուկրաինայի դեմ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում CNN Prima News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

Փաշինյանն այդ մասին ասել է՝ պատասխանելով ուկրաինական պատերազմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման վերաբեր հարցին։

«Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա:

Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք քիչ առաջ իմ ասածի պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում»,-ասել է վարչապետը։

2022-ի փետրվարի 24-ին ՌԴ-ն պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների մեկ տասնյակից ավելի փաթեթ։

ՌԴ-ն հայտարարել է, որ Կիևը պետք է դադարեցնի մարտական գործողությունները, իսկ Արևմուտքի երկրները պետք է դադարեցնեն զենքի մատակարարումը, ինչպես նաև Ուկրաինան պետք է հրաժարվի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Ըստ ռուսական կողմի, կարևոր տարր է նաև «ռուսաց լեզվի պետական կարգավիճակի ամրագրումն օրենսդրական մակարդակով»։ Ուկրաինան մշտապես կրկնում է, որ պատերազմի դադարեցման միակ պայմանը ռուսական զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---