Սիմոնյանը` Տավուշի գյուղերի մասին. Ոչ ոք չի հանձնում՝ դեմարկացիա ենք անում

Սիմոնյանը` Տավուշի գյուղերի մասին. Ոչ ոք չի հանձնում՝ դեմարկացիա ենք անում

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով Տավուշի գյուղերի վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն անգամ չեն քննարկում Ադրբեջանին որևէ տարածք զիջելու հարցը։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում:

«Եկեք «հանձնել» բառը հանենք, ոչ մեկ ոչինչ չի տալիս, դեմարկացիա ենք անում, այսինքն` ճշգրտում ենք։ Արդյունքում ճշգրտվելու է մեր սահմանը»,– շեշտել է ԱԺ նախագահը, հայտնում է Sputnik Արմենիան։

Սիմոնյանը վստահեցրել է, որ ՀՀ–ում որևէ մեկն օրենքով իրավունք չունի որևէ մեկին որևէ բան հանձնել։

«Մենք կռվելու ենք։ Ու եթե անգամ պարտվենք, ու դա իրենք այսպես թե այնպես վերցնեն, միևնույն է` կռվելու ենք։ Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է»,– ասել է նա:

Գյուղերի հանձնման մասին բոլոր խոսակցությունները նա ստոր շահարկում է անվանել, իսկ Ոսկեպարի հանձնման մասին խոսակցությունները` անգրագիտություն։

«Դրա օրինակը մենք ունենք, երբ խոսվում էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, մենք հստակ ասել ենք, որ եթե մեզ ինչ–որ բան պարտադրվի, մենք կռվելու ենք դրա համար։ Մենք կռվելու ենք մինչև վերջ»,– ասել է նա։

Նա վստահեցրել է, որ այն, ինչ Հայաստանինն է, ՀՀ իշխանությունը դեմարկացիայի է ենթարկելու, իսկ այն, ինչ Ադրբեջանինն է, կարող է մնալ նրանց։

Սիմոնյանն ընդգծել է, որ սահմանազատումը սպառնալիքների տակ չի արվում, այն պետք է թե Հայաստանին, թե Ադրբեջանին։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---