Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա

Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա

PanARMENIAN.Net - Երևանում անհնազանդության ակցիաներ են՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիները փողոցներ են փակում՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Մայիսի 10–ի հանրահավաքում նման կոչ էր արել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Որոշ ժամանակ փակ են եղել Տիգրան Մեծ պողոտան, Խորենացի փողոցը, Թբիլիսյան խճուղին, Ազատության պողոտան, հայտնում է Panorama.am-ը։

Երևանում ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ լրատվական ծառայությունից, հայտնում է «Ազատությունը»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։

«Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։ Այդպիսի ուժի կիրառումը, փաստացի, սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում»,–ասվում է գրառման մեջ։

Ըստ ոստիկանության՝ այս պահին փակ փողոց չկա:

Նախքան այդ էլ 6 հոգի բերման էր ենթարկվել Էջմիածնում՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---