Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան

Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանային հարցերն ինչ-որ պահի պետք է լուծվեն, և պետք է հաղթահարվի ստալինյան սարսափելի ժառանգությունը, քանի որ հակառակ դեպքում դրանք միշտ էլ հավանական պատերազմի առիթ կլինեն, որով Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Այդ մասին նա ասել է Արմենպրեսին տված հարցազրույցում։

Նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես կգնահատի Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ, և, կարո՞ղ է այն խաղաղություն բերել երկու երկրներին և Հարավային Կովկասին։

«Ինչ-որ պահի պետք է լուծվեն սահմանային հարցերը, և պետք է հաղթահարվի ստալինյան այս սարսափելի ժառանգությունը՝ հատկապես հայկական տեսանկյունից, քանի որ հակառակ դեպքում նրանք միշտ էլ հավանական casus belli են (խմբ․ պատերազմի առիթ), որով Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Ադրբեջանի հետ հենց բուն համաձայնագիրը, հավանաբար, ավելի քիչ կարևոր է, քան սահմանի վրա արդյունավետ աշխատանքը. Ալիևի ռեժիմը, այնուամենայնիվ, չի հարգում որևէ պայմանավորվածություն։ Սակայն, եթե սահմանազատումը հնարավոր լինի իրականացնել Հայաստանի համար ընդունելի ճանապարհով, ապա կստեղծվեն արդյունավետ, տեսանելի փաստեր, որոնք նույնիսկ բռնակալը (խմբ․ նկատի ունի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին) չի կարող անտեսել։ Տավուշի իրադարձությունները ցույց են տալիս, որ հայկական կողմի համար չափազանց բարդ է։ Միևնույն ժամանակ, դա նաև նշան է աշխարհին՝ հայկական ժողովրդավարությունը բավականաչափ կայուն է, որպեսզի կարողանա գլուխ հանել նույնիսկ նման՝ հասկանալիորեն տարրական խնդիրներից»,–ասել է նա։

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանից «միջանցքի» պահանջին և այն ուժող վացելու սպառնալիքներին։

«Ցավոք սրտի, այս պահվածքը տրամաբանական է Ալիևի ռեժիմի համար։ Արցախի Հանրապետությունը դաժանորեն ոչնչացնելուց և էթնիկ զտման ենթարկելուց հետո նրան այժմ նոր պահանջներ են պետք Հայաստանի դեմ, որովհետև նա իր գոյության պատճառն է պատկերում Հայաստանից թշնամական կերպար ստեղծելու եղանակով. Ալիևը կլեպտոկրատ է, սեփական ժողովրդին կողոպտող բռնակալ: Կասպից ծովի հանքային պաշարներով ադրբեջանցի ժողովուրդն իրականում պետք է լինի աշխարհի ամենահարուստներից մեկը։ Բայց փողը հայտնվում է միայն ռեժիմի և նրա հավատարիմ հետևորդների գրպաններում։ Հիմա պատկերացրեք, թե ի՞նչ կլիներ, եթե նման հանքային պաշարներ չունեցող հայ ժողովուրդը հասներ տնտեսական բարգավաճման, ինչպես նաև ժողովրդավարության, խոսքի ազատության, օրենքի գերակայության և այլնի։ Դա Ալիևի համար լիակատար պարտություն կլիներ։ Դրա համար նա պետք է փոքր պահի Հայաստանը և նորից ու նորից հարձակվի նրա վրա, ինչպես Պուտինը դատապարտված է նորից ու նորից հարձակվել Ուկրաինայի վրա»,–ասել է նա։

Խոսելով «Հայկական խաչմերուկ» նախագծի մասին՝ շվեյցարացի պատգամավորն ասել է, որ դա տրամաբանական և խելացի պատասխանն է ադրբեջանական պահանջներին, քանի որ «Խաղաղության խաչմերուկը» վերցնում է մյուս կողմի փաստարկները և դրանք մերկացնում՝ որպես շովինիստական ագրեսիայի պատրվակ։

«Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» պահանջը հիմնավորում է ընդհատված հաղորդակցության ուղիներով։ Եթե խնդիրն իսկապես սա լիներ, ապա պետք է համաձայնել «Խաղաղության խաչմերուկ»-ին, քանի որ այս ծրագիրը հասցեագրում է այս խնդիրը շատ ավելի համապարփակ լուծմամբ, քան զուտ «Զանգեզուրի միջանցքը»։

Այս մարտավարական նկատառումներից բացի, իհարկե, այդպես է, որ բաց սահմանները, առևտուրն ու փոխըմբռնումը միշտ աջակցում են խաղաղությանը: Սակայն Մոսկվային, Բաքվին և Անկարային սրանից ոչ մեկը չի հետաքրքրում։ Նրանք միայն շահագրգռված են ապահովելու իրենց ազդեցությունը և ռեժիմը, և, հետևաբար, դեմ են այն արժեքներին, որոնց Հայաստանը այդքան տպավորիչ կերպով հասավ 2018 թվականին»,–ասել է նա։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---