Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին

Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին

PanARMENIAN.Net - Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին։

ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին ներկայացրել է ՀՀ կառավարության ջանքերն Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի։

Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բարեփոխումների օրակարգին՝ օգտագործելով նաև միջազգային մեխանիզմների միջոցով ընձեռվող հնարավորությունները։ Վերջիններիս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԽ կոնվենցիաներին ՀՀ միանալու և կիրառման պրակտիկային, առաջիկա անելիքներին. ԵԽ հանձնակատարը ողջունել է նախօրեին ՀՀ ԱԳ նախարարի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումը։

«ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում առաջադեմ միջազգային կոնվենցիաներին միանալու, դրան զուգահեռ կամ անկախ միանալուց ՀՀ օրենսդրական դաշտի բարելավման, Եվրոպայի խորհրդի չափանիշներին մոտարկման ուղղությամբ. սա մեր կառավարության բարեփոխումների օրակարգի կարևոր բաղադրիչներից է։», - ընդգծել է Արարատ Միրզոյանը։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Բաքվի բանտերում գտնվող Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետները ևս երկարացվել են 5 ամսով։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---