Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269 մարդ

Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269 մարդ

PanARMENIAN.Net - Մայիսի 26–ի ժամը 22․00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով որոնողափրկարարական գործողությունների արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, մասնավորապես՝ 347 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշի մարզում:

Աղետի գոտում կա 3 զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ․) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:

Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։

Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 7 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

Լոռու մարզի մի շարք բնակավայրերի մոտեցման ուղիները, մասնավորապես՝ կամուրջները վնասվել կամ հայտնվել են ջրի տակ. դեպի բոլոր այդ բնակավայրեր կան այլընտրաքային, և հնարավորություն կա առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու։ Այդ աշխատանքներին ներգրավված են նաև փրկարարները, ովքեր անհրաժեշտ իրերն ու պարագաները փոխանցում են գետանցման միջոցով։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---