ԱՊՊԱ պատահարի գրանցման գործընթացում փոփոխություն կլինի

ԱՊՊԱ պատահարի գրանցման գործընթացում փոփոխություն կլինի

PanARMENIAN.Net - Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն հայտնել է, որ շուտով ԱՊՊԱ վթարների գրանցման կարգում փոփոխություն է ներդրվելու, որի արդյունքում գործընթացն առավել կենտրոնացված և հասանելի կդառնա։

«Շուտով ԱՊՊԱ պատահարի դեպքում այլևս կարիք չի լինելու որոնել Ձեր ապահովագրական ընկերության տվյալները կամ սպասել ընկերության հասանելիությանը։ Պարզապես զանգահարեք 1-02, և Ձեր պատահարը կգրանցվի միասնական զանգերի կենտրոնում, որտեղից արդեն կկազմակերպվի ամբողջ հետագա գործընթացը»,- ԱՊՊԱ պատահարի գրանցման գործընթացում սպասվող փոփոխության մասին հայտնում է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն։

Նոր համակարգը մի շարք առավելություններ է առաջարկում վարորդներին՝ անկախ այն բանից, թե որ ապահովագրական ընկերության հաճախորդն են։

«Առաջինը՝ ապահովվում է արագ արձագանք և գրանցում՝ առանց հավելյալ քայլերի։ Երկրորդ՝ խնայվում է ժամանակ, քանի որ այլևս անհրաժեշտ չէ զանգահարել տարբեր հասցեներով կամ որոնել համապատասխան կոնտակտներ։ Երրորդ՝ դեպքի վայրում խցանումների հնարավորությունը կկրճատվի, քանի որ մեքենաներն ավելի արագ կհեռացվեն։ Վերջապես՝ պարզեցված ընթացակարգը կնվազեցնի սթրեսը և կթեթևացնի վթարի միջավայրում կողմերի հոգեբանական վիճակը։

Վթարի մասին զանգը կարող է կատարել միայն մեկ համարին՝ 1-02, բայց 20 րոպեի ընթացքում՝ նախկին 40-ի փոխարեն։

Խնդրում ենք խստորեն պահպանել նշված ժամկետը, որպեսզի կանխվեն հետագա հնարավոր բարդությունները, և գործընթացը ընթանա սահուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---