Արագածոտնի թեմում ձևավորվել է վարչական խորհուրդ՝ առաջնորդի բացակայության պայմաններում

Արագածոտնի թեմում ձևավորվել է վարչական խորհուրդ՝ առաջնորդի բացակայության պայմաններում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ և Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի նախագահությամբ կայացել է թեմի հոգևորականների ժողովը, հայտնում է Արագածոտնի թեմը։

«Ժողովականներին ներկայացվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը՝ Արագածոտնի թեմի Վարչական խորհուրդ հաստատելու վերաբերյալ՝ հետևյալ կազմով․

  • Հոգեշնորհ Տ․Շնորհք աբեղա Պալոյան (ատենապետ),
  • Արժանապատիվ Տ. Եղիշե քահանա Բարսեղյան (անդամ),
  • Արժանապատիվ Տ․Մուշե քահանա Վահանյան (անդամ)։

Թեմակալ առաջնորդի ապօրինի կալանավորման և հարկադիր բացակայության պայմաններում Վարչական խորհուրդը կոչված է տնօրինելու թեմի ընթացիկ գործերը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ժողովի ընթացքում քննարկման առարկա են դարձել կազմակերպչական բնույթի, ծիսակատարական և հովվական բնագավառի մի շարք հարցեր։ Քահանայական դասը անդրադարձ է կատարել նաև Եկեղեցու ներկայիս վիճակին ու դրանում առկա մտահոգիչ զարգացումներին։

Քննարկումներից հետո ժողովը որոշում է կայացրել

  • Ամեն կիրակի՝ Սուրբ Պատարագի ավարտին կատարել հատուկ աղոթքի կարգ՝ նվիրված անազատության մեջ գտնվող առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, ինչպես նաև Միքայել և Բագրատ Սրբազանների և նվիրյալ որդիների համար։
  • Ամեն շաբաթ թեմի սրբավայրերից մեկում իրականացնել միասնական ժամերգություն, որի վերաբերյալ նախապես կտրամադրվի տեղեկատվություն։

Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։

Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---