Էուլջեքչյանի մոտ սրտի խնդիրներ են հայտնաբերվել, Խաչատրյանը վերականգնման փուլում է![]() 30 հունվարի 2026 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել Երևանում բժշկական կենտրոններից մեկում այսօր անցած հետազոտությունից հետո։ Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Ավելի վաղ Լինդան պատմել էր, որ վերջին օրերին ամուսնու առողջական վիճակը վատթարացել է, նա նաև նյարդաբանական խնդիրներից է գանգատվում։ «Պարզվեց, որ Վիգենը սրտի հետ կապված խնդիրներ ունի, անոթները նորմալ արյունամատակարարում չեն ապահովում։ Դեղեր են նշանակել, բժիշկները հաջորդ այցը նշանակել են փետրվարի 2-ին», - ասել է Էուլջեքչյանի կինը։ Նրա խոսքով՝ Վիգենն անցել է բոլոր հետազոտությունները, որոնց մի մասի պատասխանները պատրաստ կլինեն երկուշաբթի։ Լինդան հավելեց, որ այժմ առաջնահերթությունը սրտի վիճակն է և հանգիստ միջավայրի ապահովումը։ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների խնդրին է արձագանքել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` նշելով, որ հայրենիք վերադարձածները գտնվում են պատկան մարմինների վերահսկողության ներքո, հայտնում է «Փաստինֆոն»: Նա հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել և նա հիմա վերականգնման փուլ է անցնում։ «Նրանք մշտապես մեր դիտարկման տակ են։ Անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կոմղից և կազմակերպվում է մեր կողմից»,- ասել է Ավանեսյանը` հավելելով, որ առիթ լինելու դեպքում կայցելի նրանց։ Հունվարի 14–ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերու` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին: Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանն գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Շուշի տանող ճանապարհին, և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։ Ինչ վերաբերում է Վագիֆ Խաչատրյանին՝ նա տարեց անձ է, որը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից մեկնել է Հայաստան՝ բուժման նպատակով։ 2025-ի դեկտեմբերի վերջին հաղորդվել էր, որ Բաքվի բանտում նրա առողջական վիճակը վատթարացել է, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |