6 մարտի 2026 - 15:47 AMT
ԱԳՆ․ Գոայից Երևան է վերադարձել ՀՀ 104 քաղաքացի, դիմել են նաև Շրի Լանկայում և Մալդիվներում գտնվողները

Մարտի 5-ի ուշ երեկոյան Հնդկաստանում անցկացված Seaside Startup Summit-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի, Գոայից ուղևորվել է Երևան: Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել նաև Շրի Լանկայից ՀՀ 12 քաղաքացի, Գոայից՝ 6 քաղաքացի, ովքեր այնտեղ են գտնվում հիմնականում զբոսաշրջային կամ գործարար նպատակներով։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ, հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ։

Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը (համատեղության կարգով նաև՝ Շրի Լանկա, Բանգլադեշ և Նեպալ) իր գործառույթներն իրականացրել է արտակարգ ռեժիմով։

Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող ՀՀ 2 քաղաքացի, ում ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։

Կապ է պահպանվել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ պայմանավորված չվերթների չեղարկման հետևանքով հավատարմագրման երկրներում մնացած՝ հիմնականում զբոսաշրջային նպատակներով Հնդկաստանում և Շրի Լանկայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, հավաքագրվել են անհրաժեշտ տեղեկություններ և դիտարկվել են նրանց՝ ՀՀ վերադարձի հնարավորությունները։

Դեսպանության կողմից հետևողականություն է ցուցաբերվել համապատասխան թռիչքի թույլտվության ստացման անհրաժեշտ աշխատանքներում, այդ թվում՝ Հնդկաստանի ավիացիայի նախարարության և ԱԳՆ հետ փոխգործակցությամբ։

Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ կապի տվյաներ. +32 493 88 00 88 (նաև WhatsApp)»։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: